.jpg)
«Գնաճի զսպման այն մոդելը ակնհայտորեն չի արդարացնում իրեն»
Գնաճի զսպման այն մոդելը, որ կա Հայաստանում, ակնհայտորեն չի արդարացնում իրեն: Հիմնախնդիրները կապված են ոչ միայն մեր տնտեսության կառուցվածքի և որակական զարգացումների հետ, այլև` վարվող պետական քաղաքականության հետ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«ՀՀ Սահմանադրությամբ գնաճի զսպման քաղաքականությունը թեև դրված է Կենտրոնական բանկի վրա, սակայն այն` իր այսօրվա գործիքակազմով և որդեգրած քաղաքականությամբ, ի վիճակի չէ ամբողջ տնտեսությունում այնպիսի փոփախություններ իրականացնել, որոնք կբերեն գների մակարդակի արդյունավետ կարգավորման»,- ասաց Ա. Մինասյանը:
ԱԺ պատգամավորի խոսքերով` Հայաստանի տնտեսությունում առկա մենաշնորհը, տնտեսության արհեստական փակվածությունը, արտաքին զարգացումների ոչ ադեկվատ արձագանքումը բերում են նրան, որ գնաճի զսպման համակարգը ձախողում է իր առջև դրված ցանկացած նպատակ. «Ես սկսում եմ գալ այն համոզման, որ եթե կառավարությունն ու ԿԲ-ն ընդհանրապես չգործեն, շատ լավ վիճակում կլինենք»:
Ըստ Ա. Մինասյանի, այսօր տնտեսությունում կա փակ շուկաների արհեստական վիճակ, պետք է այդ ուղղությամբ էլ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի տնտեսության ներքին շուկա մուտք գործելն ավելի հեշտ լինի: Նա նաև առաջարկեց, որ վառելիքի, բրնձի, ցորենի, շաքարավազի գնագոյացումը թե’ ներկրումների, թե’ տեղական արտադրության պարագայում տեղի ունենա բորսայական մեխանիզմի միջոցով, որպեսզի գինը լինի արդարացի:
«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի մեջ գտնվող ապրանքների մասով պետք է լինի պետական վերահսկողություն. գազի, էլեկտրաէներգիայի գները պետք է պետությունը սահմանի` հաշվի առնելով սպառողի վճարունակությունը: Եթե հաշվի չառնի, ապա ունենալու ենք գազի սպառման ծավալների էական կրճատումներ, ինչն էլ կբերի գազի գների նոր բարձրացման»,- ամփոփեց իր խոսքը ԱԺ պատգամավորը: