Իրանցի հոգևորական. Ադրբեջանի կառավարությունը պետք է խելքի գա
24/01/2011 17:39

Իրանցի հոգևորական. Ադրբեջանի կառավարությունը պետք է խելքի գա

Ադրբեջանի կառավարությունը պետք է արթնանա և խելքի գա: Եթե ժողովրդի և կառավարության միջև անջրպետ է առաջանում, ժողովուրդն իր հույսը կտրում է կառավարությունից և դուրս գալիս փողոց` պայքարելու իսլամական արժեքների համար, ինչպես կատարվեց Թունիսում, որտեղ ժողովրդական հուզումների արդյունքում երկրից փախուստի դիմեց բռնակալ նախագահը:

Այդ մասին, իրանական «ղաֆղազ.իռ» կայքի փոխանցմամբ, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Թեհրանի իմամ այաթոլլահ Էմամի Քաշանին:

Իրանցի մեկ այլ հոգևորական` Քազեմ Հաֆեզնիան, քննադատելով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությունը, նշել է. «Ադրբեջանի կառավարությունից ակնկալում ենք, որ կասեցնի հեջաբի արգելման դեմ ուղղված գործունեությունը»:

Նշենք, որ օրերս Ադրբեջանում հեջաբի արգելման և կուսակցական գործիչների ձերբակալման առնչությամբ Ադրբեջանի ղեկավարության հասցեին խիստ քննադատությամբ են հանդես եկել նաև Իրանի Մեջլիսի պատգամավորներ:

Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հոսեյն Էբրահիմին նշել էր. «Ադրբեջանի նման երկրները մեծ սխալ են գործում, երբ հաշվի չեն նստում ժողովրդի կարծիքի հետ, իսկ ժողովուրդն էլ չի զգում պետական աջակցություն: Նմանատիպ երկրները վաղ թե ուշ կործանվում են, ինչպես կատարվեց Թունիսի պարագայում:
Թունիսի նախագահն էլ հաշվի չնստեց ժողովրդի ցանկությունների և պահանջների հետ, և ժողովրդական խռովությունների հետևանքով կազմալուծվեց երկրի կառավարությունը, իսկ նախագահ Զինա ալ Աբիդին փախավ երկրից»:

Իրանցի հոգևորական. Ադրբեջանի կառավարությունը պետք է խելքի գա