.jpg)
Նախարար. Արտաքին պարտքը կառավարելի է
2010 թ-ին ՀՀ պարտքն, ընդհանուր առմամբ, կազմել է շուրջ 3 մլրդ 795 մլն դոլար, կամ ՀՆԱ-ի 44.4 %-ը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, 2011-2012 թթ. ՀՆԱ/պարտք նույն հարաբերակցությունը կպահպանվի, որից հետո այն կսկսի նվազել:
«Մենք չենք մոտենա օրենքով սահմանափակված սահմանին և պարտքի բեռը արդեն 2013 թ-ից կսկսի նվազել»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Ըստ նախարարի` հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2010-2011 թթ-ին կլինի 16.9-17 %-ի չափով, ընդ որում` 2010-ին այդ ոլորտում բարելավում չի արձանագրվել, իսկ կանխատեսված տնտեսական աճը 1.2 %-ի փոխարեն կկազմի 2.6 %: Վ. Գաբրիելյանը նաև նշեց, որ 570 մլրդ դրամի փոխարեն 2010 թ-ին հավաքվել են 591.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ:
Այն դիտարկմանը, թե 2012-2013 թթ-ին արտաքին պարտքի սպասարկումը կազմելու է մոտավորապես 500 մլն դոլար, Վ. Գաբրիելյանը հավաստեց, թե պարտքի մարելու տեսակետից խնդիրներ չեն լինի: Ըստ նախարարի, բոլոր տեսակի ցուցանիշներով` պարտք/ՀՆԱ, պարտք/եկամուտներ, պարտք/սպասարկում, ՀՀ-ն չի գտնվում վտանգավոր գոտում:
«Կան մի շարք վերլուծություններ, որը կատարել է ֆինանսների նախարարությունը, թե տարբեր շոկային երևույթների դեպքում ինչ կլինի, եթե հանկարծ փոխարժեքի էական տատանումներ լինեն, ինչ կլինի, եթե ունենանք տարիներ շարունակ ՀՆԱ-ի ոչ բարձր իրական աճ, տոկոսավճարների փոփոխություններ լինեն, և, համադրելով բոլոր շոկերը, գտնում ենք, որ պարտքը կառավարելի է»,- հայտարարեց Վ. Գաբրիելյանը` շեշտելով. «Կառավարելի է, սակայն` ճիշտ կառավարման մշտարթուն ուշադրության կենտրոնում»: