.jpg)
Թուրքիան դժգոհ է Իսրայելի զեկույցից` «Մավի Մարմարա»-ի վերաբերյալ
Իսրայելական հանձնաժողովը` դատավոր Յաակով Տիրկելի գլխավորությամբ, օրինաչափ է ճանաչել իսրայելական զինծառայողների գործողությունները` «Մավի Մարմարա» թուրքական նավի գրոհի ժամանակ: Նախօրեին հանձնաժողովը հրապարակել է իր զեկույցը, որը բաղկացած է հարյուրավոր էջերից:
Հանձնաժողովը եկել է եզրակացության, որ Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը, ինչպես նաև զինծառայողների գործողությունները «Ազատության նավախմբի» գրոհի ժամանակ, չեն հակասում միջազգային իրավունքին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` զեկույցում նշված է, որ իսրայելական զինծառայողների գործողությունները ինքնապաշտպանական բնույթ են կրել:
Թուրքիայի արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Նույն օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դատապարտեց իսրայելական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները:
Ըստ Բի-բի-սի-ի` Թուրքիայի վարչապետի կարծիքով, հանձնաժողովի քննությունը կողմնակալ է և դրա արդյունքներին վստահել չի կարելի:
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին տեղի ունեցած «Ազատության նավախմբի» գրոհի ժամանակ զոհվել է Թուրքիայի 9 քաղաքացի: