.jpg)
Ա.Մինասյան. Պետությունը կարող է զսպել գազի գնի բարձրացումը
Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները մտահոգված են իրենց գործունեությամբ, և ոչ ոք միտված չէ դադարեցնել այդ գործունեությունը, քանի որ այն բերում է շահույթ: Անդրադառնալով առաջիկայում սպասվող գազի գնի թանկացմանը` նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Պետությունը պետք է հստակ սահմանի գին: Որտեղ կա խոցելիություն, պետությունը պետք է մեղմի այդ խոցելիությունը: Գազի գնի հետ կապված, մեր իշխանությունները գիտակցում են, պետք է այնպես անել` գնաճ չլինի»,- ասաց Ա. Մինասյանը:
ԱԺ պատգամավորի խոսքերով` պետությունը կարող է զսպել գազի գնի բարձրացումը, միայն ցանկություն է պետք:
Ինչ վերաբերում է ալյուրի թանկացմանը, Ա. Մինասյանը նշեց, որ հիմնական հումքն արձանագրել է գնաճ, որն էլ բերել է նաև ալյուրի գնի աճի. «Պետք է ցորենի գնագոյացումը լինի բորսայական»,- ասաց նա և ավելացրեց, որ մենք անտարբերության ենք մատնել գյուղատնտեսությունը:
Ասուլիսին ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ, իր հերթին ասաց, որ գոյություն ունի առաջարկի և պահանջարկի բնականոն օրենք. «Ցավալի է, որ ալյուրը թանկանում է: Ուզում ենք, թե ոչ` սա բնականոն գործընթաց է»: