Շուկաների վարձավճարները կիջեցվե՞ն
24/01/2011 19:12

Շուկաների վարձավճարները կիջեցվե՞ն

Այսօր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը խորհրդակցության էր հրավիրել մայրաքաղաքի շուկաների տնօրեններին` վերջին շրջանում փողոցային առևտրի դեմ պայքարի ուժեղացման արդյունքում առևտրականների բարձրացրած բողոքի ալիքի կապակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում շուկաների ղեկավարները փոխքաղաքապետին հավաստիացրել են, որ շուկաները կարող են ապահովել առկա պահանջարկը, իսկ կարիքի դեպքում` կարելի է լրացուցիչ տեղեր ավելացնել, նոր շուկաներ ստեղծել: Տնօրենները նաև հավաստել են, որ պատրաստ են վերանայել տարածքի վարձավճարները:

Քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը Aysor-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է, և բողոքարարների թիվը հետզհետե նվազում է. «Մարդիկ համոզվում են, որ այլ ճանապարհ չկա»:

Մինչդեռ, այսօր կրկին փողոցային առևտրի դեմ պայքարից տուժածները բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Սակայն առևտրականների ձայնն այսպես էլ չհասավ պաշտոնյաներին. նրանց քաղաքապետարանի շենքի մոտից հեռացրեցին ոստիկանները:

Նշենք, որ փողոցային առևտրի դեմ ուղղված պայքար քաղաքապետարանը ծավալում է 2005 թ-ից ի վեր: Ժամանակ առ ժամանակ կիրառվող մեթոդները խստացվում են, ինչն էլ հարուցում է փողոցային առևտրով զբաղվողների դժգոհությունը:

Շուկաների վարձավճարները կիջեցվե՞ն