5D. Բիզնե՞ս, թե՞ ադրենալինի ավելցուկ
25/01/2011 18:21

5D. Բիզնե՞ս, թե՞ ադրենալինի ավելցուկ

Մայրաքաղաքի նորաբաց 5D կինոթատրոն օրական այցելում է նվազագույնը 200 հոգի: Այս մասին Aysor-ի թղթակցին ասաց կինոթատրոնի տնօրեններից Էդգար Դավթյանը:

Նրա խոսքերով` բացման օրից` հունվարի 2-ից, պատահել են դեպքեր, երբ մարդիկ գալիս են ֆիլմ դիտելու, բայց վախից ու էֆեկտների ազդեցությունից խնդրում են անջատել այն:

Նշենք, որ կինոթատրոնում ցուցադրվում է ընդամենը 8 ֆիլմ` ֆանտաստիկայի, մանկական, սարսափի ժանրից, ինչպես նաև` 2 ֆիլմ «Ամերիկյան բլուրներ» շարքից: Դահլիճը 4 տեղանոց է, իսկ ցուցադրվող ֆիլմերն` ընդամենը 5 րոպե:

«5 րոպեն էլ բավարար է, որ շարժական աթոռի վրա մարդիկ զգան ծովը, քամին, սառնությունը, ցատկը, բարձրությունն ու ֆիլմում եղած ցանկացած էֆեկտ: Իսկ բոլոր համապատասխան սարքավորումները` ակնոցներ, աթոռներ բերվել են Բելառուսից»,- ասաց Է. Դավթյանը` նշելով, որ առաջիկայում չեն պատրաստվում մեծացնել կինոդահլիճը, քանի որ դրա համար ֆինանսական միջոցներ են պետք: Ի դեպ, 5D կինոդահլիճները լինում են առավելագույնը 40 տեղանոց:

Ըստ նրա` մեկ 5D ակնոցն արժե 250 դոլար, իսկ մեկ ֆիլմը` 300 դոլար: Հիմա դահլիճի 2 երիտասարդ տնօրենները սպասում են Բելառուսից ուղարկված ֆիլմերի ցանկին:
Էդգարը համոզված է` սարսափ ու արագության տարրեր պարունակող նոր ֆիլմերի ցուցադրությունն ավելի մեծ պահանջարկ ունի ու մեծ լսարան կհավաքի:

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն Aysor-ին ասաց, որ չնայած ինքը նման ֆորմատով ֆիլմեր չի դիտել, բայց համոզված է, որ ադրենալինի քանակն, ամեն դեպքում, օրգանիզմում պետք է չափավոր լինի` ոչ չարաշահումն է լավ, ոչ էլ պակասը:
Նա մեզ խոստացավ հաջորդ շաբաթվա մեջ նայել 5D ֆորմատով ֆիլմերից ու մասնագիտական կարծիք հայտնել մարդու ուղեղի և ընդհանրապես օրգանիզմի վրա դրանց ազդեցության մասին:
 

5D. Բիզնե՞ս, թե՞ ադրենալինի ավելցուկ