Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմով շահագրգռված կողմ չկա
25/01/2011 18:04

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմով շահագրգռված կողմ չկա

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմով շահագրգռված կողմ չկա: Այսօր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ռազմական գործողությունների իրական զարգացմամբ շահագրգռված չեն ո'չ ներքին կողմերը՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը, ո'չ էլ արտաքին խաղացողները՝ Ռուսաստանը, Եվրոպան և Ամերիկան»,- ասաց նա:

Խոսելով բանակցային գործընթացի մասին` Ալ. Իսկանդարյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի իրական խնդիրն է պահպանել կողմերի միջև շփման հնարավորությունները և կապը: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրորդ խնդիրը, Իսկանդարյանի գնահատմամբ, այն է, որ հակամարտության կողմերը միայնակ չմնան:

«Եվ այս խնդիրը Մինսկի ձևաչափը իրականացնում է ավելի քան 18 տարի: Կատարում է լավ` հայտնի խնդիրներով, բայց այս փոխազդեցությունը շարունակվում է` չնայած այն հանգամանքին, որ ողջ ընթացքում մի քանի ճգնաժամային իրավիճակներ են եղել», - ասաց նա:

Ըստ բանախոսի` առաջին անգամ է, որ Ռուսաստանը գրեթե միանձնյա զբաղված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ:

«Իմ կարծիքով, բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ է, որ դա արվում է մյուս համանախագահների «քարտ բլանշով»»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:
 

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմով շահագրգռված կողմ չկա