.jpg)
Ջրպետկոմի նախագահ. Համակարգի վատթարացում թույլ չենք տա
«Արարատյան հարթավայրում ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների միտումները կարելի է բավարար համարել, բայց ես բավարարված չեմ: Ես ձգտելու եմ ավելի շատ անել, որովհետև իսկապես պահանջարկը շատ է»,- այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը` պատասխանելով Aysor-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Արարատյան հարթավայրում ոռոգման համակարգի իրավիճակը:
Նա տեղեկացրեց, որ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգերում ներդրվում է 110 մլն դոլար. վերականգնվում են 3 հիմնական ջրանցքների` ստորին Հրազդանի, Արտաշատի ջրանցքի և Արզնի-Շամիրամ համակարգի, տեխնիկապես վատ վիճակում գտնվող հատվածները: Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով վերականգնվում են ևս 17 պոմպակայաններ, հարթավայրի դրենաժային համակարգը, կառուցվել են 4 ինքնահոս համակարգեր, հարյուրավոր գյուղերում կառուցվել են ներտնտեսային ցանցեր: Արմավիրի մարզում աշխատում է ՀԲ ծրագիրը, որի շրջանակներում, հիմնականում, վերակառուցվում են Արմավիրի ջրանցքը, Թալինի համակարգը: Աշխատանքներն այս տարի կավարտվեն:
«Արարատյան հարթավայրում` տեխնիկական վիճակի լավացման առումով, բավականին առաջընթաց ունենք: Չեմ կարծում, որ որևէ տարի այսպիսի տեմպ կունենանք, որվհետև Հազարամյակի մարտահրավերներ ծրագիրն այս տարի կավարտվի, որը մեր հիմնական դոնորն է»,- ասաց Ա. Անդրեասյանը` միաժամանակ խոստանալով, որ ոռոգման համակարգի վատթարացում թույլ չեն տա:
Ա. Անդրեասյանը նաև հերքեց այն լուրերը, թե Արարատյան հարթավայրում խորհրդային տարիների ջրատար խողովակաշարերը ապամոնտաժվում են. «Խողովակաշարեր չեն հանվում: Համենայն դեպս, այսօր առկա խողովակաշարերը գործող են, և հանելն անհնար է»: