.jpg)
Ա. Անդրեասյան. Երևանում ջրամատակարարումը չի կրճատվել
«Երևանում ջրամատակարարման ընդհանուր կրճատում տեղի չի ունենա: Ռեժիմի առանձին խախտումները պայմանավորված են բացառապես ներդրումային ծրագրերով, որ «Երևանջուրն» այսօր իրականացնում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը` պատասխանելով Aysor-ի թղթակցի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Երևանում նկատվող ջրամատակարարման գրաֆիկի կրճատումը:
Ա. Անդրեասյանը վստահեցրեց, որ Երևանում ջրամատակարարման միջին տևողությունն ավելացել է և հասել միջինում 21 ժամի: Ըստ նրա` մայրաքաղաքում այդ ժամերը գրանցվում են ճնշման հատուկ չափիչների միջոցով, որը նաև վերահսկում են «հրավիրված» տեխնիկական փորձագետները:
«Պաշտոնական տեղեկատվությամբ` որևիցե արտառոց բան, մեծ վթար չկա: Կարծում եմ, որ միայն ընթացիկ գործունեության արդյունք է»,- նշեց Ջրպետկոմի նախագահը:
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ «Երևանջուրից» բողոքների դեպքում` քաղաքացիները պետք է դիմեն Երևանի քաղաքապետարան. «1 տարի առաջ վարձատուն դարձել է քաղաքապետարանը և սկզբունքային բոլոր խնդիրներն իրենք են լուծում: Այսօր «Երևանջրի» հետ անմիջական աշխատում է Երևանի քաղաքապետարանը»: