.jpg)
Aysor-ն` այսօր
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԴՈՄՈԴԵԴՈՎՈ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ: Այն, սակայն, դեռ ամբողջական չէ. հրապարակվել են 26 զոհերի տվյալները, մինչդեռ զոհերի ընդհանուր թիվը 35 է:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉՊԵՏՔ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՈՒՆԵՆԱ, քանի որ դա մեծ աղետի կհանգեցնի: Այսօր տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԿՈՂՄ ՉԿԱ: Այսօր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Երևանի բոլոր ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՅՍՕՐ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ: Խնդրո առարկան, ինչպես Aysor.am-ին հայտնեց «Ռոսիա» տոնավաճառի առևտրականներից մեկը, այն է, որ ներկրվող հագուստից գանձվող մաքսատուրքի դրույքաչափը կրկնապատկվել է` 4 դոլար/կգ-ից դառնալով 8 դոլար/կգ: Առևտրականի խոսքով, շուրջ 1 շաբաթ առաջ Թուրքիայից եկած իր ապրանքը դեռ մաքսատանն է և ինքը չի կարողանում այն մաքսազերծել:
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2011 թ.-ի նախարարության գերակա ծրագրերի և նախագծերի շուրջ: Նախարարը գերակա ուղղություներից նշեց Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման ուղղությամբ աշխատանքները: Մասնավորապես, ՍԵՎԱՆԱ ԼԻՃ 60 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՄԱՆՐԱՁՈՒԿ ԲԱՑ ԿԹՈՂՆՎԻ:
2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄԵԼ Է 1899.71 Մ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 46 սմ-ով: ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2010 թ. Սևանա լճից բաց է թողնվել 156.44 մլն խմ ջուր` թույլատրված 170-ի փոխարեն: Սևանա լիճ է տեղափոխվել 236.96 մլն խմ ջուր, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 79.91 մլն խմ-ով:
Առաջիկա տարիներին ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ: Նման հավաստիացում արեց այսօր ասուլիսում ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:
ՎԱՆՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ՆՈՐ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍԿՍԵԼ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՇՆԱՆԸ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ երկաթգծի կառուցման ծրագիրը ներկայումս գտնվում է կառավարությունում և այս կամ հաջորդ շաբաթ կհաստատվի, ինչից հետո մրցույթ կհայտարարվի նախագծման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
2011 Թ-ԻՆ ՓՈՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼ Է ՆԵՐԴՐՎԵԼՈՒ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ասուլիսում հայտնեց, որ ներկայումս «Հայփոստ» ՓԲԸ-ն ուսումնասիրում է նախարարության և ընկերության համատեղ հանձնաժողովի առաջարկությունները` հավատարմագրային կառավարչի նոր դերի, ինչպես նաև` հավատարմագրային կառավարչի կողմից մշակված հիմնարար ծրագրի նախագծի, այդ թվում` ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
«Մենք վիճակագարություն չունենք, թե քանի անօթևան կա մայրաքաղաքում կամ Հայաստանում, բայց բոլոր դեպքերում մոտավոր գիտենք, որ 100-ԻՑ ԱՎԵԼ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԳԻՇԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը:
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՄ: «Եթե այս երկու հաստատությունները հայտնվել են նույն շենքում, ապա ժամանակին արված այդ ամենամեծ սխալը ուղղելու համար պետք էր ոչ թե դրանք միացնել, այլ նոր շենքեր տրամադրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը Երևանի մշակույթի պետական քոլեջին միացնելու մասին կառավարության ընդունած որոշմանը, նման տեսակետ հայտնեց Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Արմանուշ Հակոբյանը: