.jpg)
Նախարար. «Արգելելու ենք, արձանագրելու ենք և պատժելու ենք»
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2011թ.-ին իր ղեկավարած ոլորտի գերակա ծրագրերից և նախագծերից: Պատասխանելով Aysor-ի հարցին, թե ի՞նչ է արվել կամ արվում Դիլիջանի Պարզ լճի և Արագածի Քարի լճի շրջակայքում հանգստյան տների կոյուղաջրերի հոսքը դեպի լճեր կանխարգելելու ուղղությամբ` նախարարը նշեց, որ լճերի ափամերձ տարածքներում կեղտաջրերը կենտրոնացված կոյուղատարի միջոցով մաքրելու համար հնարավորություն չկա:
«Այստեղ պետք է յուրաքանչյուր տնտեսվարող իր միջոցների հաշվին ունենա լոկալ մաքրման կայան»,- շեշտեց Արամ Հարությունյանը և նշեց որ 2010թ.-ին այս ուղղությամբ ստեղծվել է նորմատիվային բազա:
Ըստ նախարարի` ստեղծվել է նաև համատեղ ձեռնարկություն, որը պետք է զբաղվի լոկալ կայանների տեղադրմամբ:
Ա. Հարութունյանը շեշտեց, որ մաքրման կայանները մատչելի են լինելու տնտեսվարողների համար և անթույլատրելի է, որ նման տարածքներում չլինեն լոկալ մաքրման կայաններ:
«Այս տարի առաջարկելու ենք, որ տնտեսվարողները այդ կայանները տեղադրեն և, եթե չկատարեն օրենքի պահանջը, արգելելու ենք, արձանագրելու ենք և պատժելու ենք»,- վստահեցնում է բնապահպանության նախարարը: