Գառնու Քարերի սիմֆոնիան վտանգի մեջ է
25/01/2011 20:04

Գառնու Քարերի սիմֆոնիան վտանգի մեջ է

ՀՀ Ոստիկանությունը կարճել է Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու հատկանիշներով (ՀՀ քր.օր. 298 հոդված) Գառնու Քարերի սիմֆոնիայի մասով հարուցված քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Վերջինիս խոսքերով` Կոտայքի մարզի քննչական բաժինը, նախաքննությունն իրականացնելիս, Մշակույթի նախարարությանն ու Բնապահպանության նախարարությանը հարցում է արել, անցկացվել է փորձաքննություն, որի հիման վրա էլ գործը կարճվել է:

Հիշեցնենք, որ 2010 թ. օգոստոսին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նամակ էր հղել ՀՀ ոստիկանություն` հայտնելով, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի վարչական տարածքի Ազատ գետի կիրճում գտնվող «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներ» հուշարձանի սյուներից կոտրված և գետնին թափված քարերն անարգել հավաքում ու դուրս են բերում տարածքից: Նամակում նշված է, որ, ամենայն հավանականությամբ, դրանք օգտագործում են որպես շինանյութ` խախտելով բնության հուշարձանի պահպանման ռեժիմը:

Նշենք, որ նախաքննություն իրականացնելիս` ՀՀ բնապահպանության նախարարությանը հանձնարարվել էր պարզել «Բազալտե երգեհոն սյունաձև բազլատներ» հուշարձանի պահպանական գոտու սահմանները, ինչպես նաև` թե ի՞նչ վիճակում է եղել հուշարձանը մինչև 2010-ի օգոստոսը, անհայտ անձանց կողմից վնասվե՞լ է արդյոք, էական վնաս պատճառվե՞լ է հուշարձանին, հուշարձանից պոկված և շրջակայքում թափված բազալտե սյուներ առկա՞ են, ի՞նչ արժեք են դրանք ներկայացնում, տեղափոխված քարերի հետևանքով հուշարձանին էական վնաս պատճառվե՞լ է, կազմվա՞ծ է արդյոք հուշարձանի նկարագրական բնութագիրը (անձնագիրը), հսկողություն իրականացվո՞ւմ է հուշարձանի տարածքում, թե՞ ոչ:

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանն այս կապակցությամբ Aysor-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ոստիկանության հարցմանը պատասխանել են. «Գառնու քարերի սիմֆոնիան 2008 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ բնության հուշարձանների ցանկում է ընդգրկվել և մեզ հետ որևէ կապ չունի»:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը պարզաբանեց, որ կառավարության որոշմամբ պետք է ճշտվեին բնության հուշարձանի սահմանները, ֆինանսական միջոցներ տրամադրվեին` այնտեղ հսկողություն իրականացնելու համար և այլն, սակայն այս պահի դրությամբ ոչինչ արված չէ, քանի որ բյուջեով գումար չի հատկացվել:
 

Գառնու Քարերի սիմֆոնիան վտանգի մեջ է