.jpg)
Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարությունը կսկսվի այս աշնանը
Վանձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի աշնանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ երկաթգծի կառուցման ծրագիրը ներկայումս գտնվում է կառավարությունում և այս կամ հաջորդ շաբաթ կհաստատվի, ինչից հետո մրցույթ կհայտարարվի նախագծման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
«Վերջին 40-45 տարում երկաթուղու շինարարական աշխատանքներ մեր երկրում չեն իրականացվել»,- ընդգծեց Մ. Վարդանյանը:
Նախարարի խոսքով, ֆինանսավորման շուրջ նախնական պայմանավորվածությունն ուժի մեջ է, ըստ որի ռուսական կողմը կատարելու է 50 % ներդրում, 50 %-ն էլ ֆինանսավորվելու է վարկային միջոցների հաշվին. «Հակաճգնաժամային ֆոնդից մեզ 49 մլն դոլարի չափ ֆինանսավորում է հատկացվելու»:
Նոր` 321 կմ-անոց երկաթգիծը կոչված է միացնելու Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Երևան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ և դրանով ապահովել ինչպես միջմարզային, այնպես էլ միջպետական փոխադրումների հնարավորությունների և արժեքի զգալի կրճատում: Երևան-Այրում հեռավորությունը երկաթգծով կկրճատվի 70-100 կմ-ով:
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ (Հայաստան-Իրան) երկաթգծին` նախարարը տեղեկացրեց, որ տեխնիկական առաջադրանքը ռուս գործընկերների հետ կազմվել է, ներկայումս աշխատանքներ են տարվում ֆինանսական միջոցների հայթայթման խնդրի լուծման ուղղությամբ. «Դրանից հետո ձեռնամուխ կլինենք տեխնիկատնտեսական հիմնավորման կազմմանը: Վերջինս բավական թանկ հաճույք է»,- նկատեց Մ. Վարդանյանը:
Հյուսիս-Հարավ նոր ռազմավարական և տնտեսական առաջնային նշանակություն ունեցող երկաթգիծը կոչված է կապել Պարսից Ծոցի նավահանգիստները Սևծովյան նավահանգիստների հետ` ապահովելով միջպետական բեռնափոխադրումներ, ունենալով մեծ նշանակություն հետագայում Հայաստանը երկաթուղային տարանցիկ երկիր դարձնելու գործում: