.jpg)
Պատշաճ աղբահանությունը` առաջնահերթ խնդիր
Երևանի սանմաքրման և աղբահանության ընդհանուր իրավիճակին ծանոթանալու նպատակով ճանաչողական այցով Երևանում գտնվող գերմանական «Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Ընկերության նախագահ Հուբերտ Արմբրուստը քաղաքապետին ներկայացրեց իրենց կողմից մայրաքաղաքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Այցի շրջանակում գերմանական ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների սանմաքրման ընկերությունների աշխատանքին, ինչպես նաև այցելել Նուբարաշենի աղբավայր:
Երևանի քաղաքապետն ընդգծեց ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների կարևորությունը. «Երևանի աղբահանության կազմակերպման ամբողջական պատկերի մասով մեզ հատկապես անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Դա թույլ կտա ավելի հիմնավոր և արդարացված առաջարկներ ակնկալել ինչպես բազմաբնակարան շենքերում աղբահանության աշխատանքների կազմակերպման, այնպես էլ ժամանակակից աղբամանների տեղադրման առումով»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հավաստիացրին, որ կշարունակեն ուսումնասիրությունները մայրաքաղաքում և ամփոփ կներկայացնեն Երևանում աղբահանությունն արդյունավետ կազմակերպելու առաջարկները: