ՉԺՀ-ից ՀՀ ներկրվող ապրանքից գանձվող մաքսային դրույքաչափը նույնն է
25/01/2011 18:47

ՉԺՀ-ից ՀՀ ներկրվող ապրանքից գանձվող մաքսային դրույքաչափը նույնն է

Պետեկամուտների կոմիտեն հերքեց Չինաստանից Հայաստան ներկրվող ապրանքներց գանձվող մաքսատուրքի դրույքաչափի կրկնապատկման մասին լուրերը:

«ՊԵԿ-ը չի թանկացրել մաքսատուրքի դրույքաչափը, և դա միայն բեռնափոխադրող ընկերությունների խնդիրն է»,- այս մասին Aysor-ին տեղեկացրին ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Չինաստանից Հայաստան բեռներ փոխադրող «North South» ընկերությունից Aysor-ի թղթակցին տեղեկացրին, որ իրենց ապրանքն ընդհանրապես մաքսազերծում չի անցնում, քանի որ օդանավով բերվում է մինչև տերմինալ:

Բեռնափոխադրող մեկ այլ ընկերության`«Ամբերդ»-ի տնօրեն Վահե Մկրտչյանն էլ պարզաբանեց, որ տրանսպորտային ծախսը թանկանում է` կախված, թե ապրանքը Չինաստանի որ նավահանգստից է բերվում:

«Մենք շինարարական նյութեր ու մեքենաներ, օրինակ, բերում ենք 2 ճանապարհով` Իրանով և Փոթի նավահանգստով` այսինքն` Վրաստանով: Իսկ Հայաստանում ապրանքը մաքսազերծելիս` հաշվի են առնում մի շարք գործոններ` պարունակությունը, տեսակը, քանակը, ապրանքանիշը և այլն»,- բացատրեց Վ. Մկրտչյանը:

Նրա խոսքերով` Չինաստանից ապրանք ներկրելիս` տրանսպորտի համար վճարվող գումարը մեծ է հատկապես նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին:

«Դա նույն բանն է, ինչ Հայաստանի համար ամռանը տուրիստների այցը: Իսկ ձմռանը տուրիստներ քիչ են լինում, չէ՞: Այդպես էլ հիմա` այս սեզոնին, Չինաստանից ապրանք ներկրելն է»,- եզրափակեց ընկերության տնօրենը:
 

ՉԺՀ-ից ՀՀ ներկրվող ապրանքից գանձվող մաքսային դրույքաչափը նույնն է