Ռուս փորձագետ. Նոր պատերազմը մեծ աղետի կհանգեցնի
25/01/2011 16:53

Ռուս փորձագետ. Նոր պատերազմը մեծ աղետի կհանգեցնի

Ղարաբաղյան խնդիրը չպետք է ռազմական լուծում ունենա, քանի որ դա մեծ աղետի կհանգեցնի: Այսօր տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը:

«Իմ կարծիքով՝ խնդրի կայծակնային` հնարավոր ռազմական լուծմանը կողմերին մղելու և նրանց բորբոքելու փորձերն աղետի կհանգեցնեն», - ասաց Ս. Միխեևը:

Փորձագետի կարծիքով՝ հակամարտող կողմերն այս խնդիրը ռազմական ճանապարհով արագորեն, քիչ արյամբ և առանց հետևանքների լուծելու հնարավորություն չունեն: Ըստ բանախոսի` պատերազմի վերսկսման դեպքում` երկու կողմերից էլ ավելի քան հարյուր հազար մարդ կոչնչացվի, կդադարեցվեն ենթակառուցվածքային բոլոր միջազգային նախագծերը:

«Եթե այդ տարածքում կրկին պատերազմ սկսվի, ապա, ես կարծում եմ, որ բոլոր եվրոպական երազանքներին և նախագծերին վերջ կդրվի»,- ասաց Ս. Միխեևը` հավելելով, որ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել նաև երկարատև ահաբեկչական և պարտիզանական պատերազմի: «Այս ամենի հետևանքով կտուժեն բոլորը, ոչ ոք չի շահի»,- ընդգծեց նա:

Բանախոսի գնահատմամբ` պատերազմի դեպքում կառաջանան հսկայական ծախսեր, փախստականների մեծ հոսքեր, ինչը կվնասի տնտեսական իրավիճակին: «Բացի այդ` պատերազմը կվնասի և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին», - հավելեց փորձագետը` շեշտելով. «Ավելի լավ է երկարատև բանակցություններ, քան տասնյակ հազարավոր մարդկանց արագ սպանություն»:

Խոսելով միջնորդական առաքելության հնարավորությունների մասին` բանախոսը կարծիք հայտնեց, որ հիմնական բանակցողը դառնալու հնարավորություն ունի Ռուսաստանը, սակայն հավելեց, որ չնայած հնարավոր բոլոր հռչակագրերին` կողմերի դիրքորոշումները 90 տոկոսով չեն համապատասխանում իրար:

«Ես կտրականապես դեմ եմ հակամարտության չլուծման ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի, ինչպես նաև` միջնորդների վրա բարդելուն: Սա, առաջին հերթին, երկու կողմերի խնդիրն է»,- ասաց ռուս փորձագետը:
 

Ռուս փորձագետ. Նոր պատերազմը մեծ աղետի կհանգեցնի