.jpg)
Սևանա լճի մակարդակը 1899.71 մետր է
2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1899.71 մ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 46 սմ-ով: ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2010 թ. Սևանա լճից բաց է թողնվել 156.44 մլն խմ ջուր` թույլատրված 170-ի փոխարեն: Սևանա լիճ է տեղափոխվել 236.96 մլն խմ ջուր, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 79.91 մլն խմ-ով:
«Սևանի ջրի մակարդակի բարձրացման բավականին բարձր տեմպ կա: Այս տարին կախված կլինի բնակլիմայական պայմաններից: Եթե այսպես շարունակվի` խնդիրներ կունենանք»,- ասաց Ա. Անդրեասյանը` մեկնաբանելով, որ եղանակային չոր պայմանների դեպքում ջրամբարներում անհրաժեշտ քանակի ջուր չի կուտակվի, իսկ գետերում էլ ջրի հոսքը կնվազի:
Միաժամանակ, Ա. Անդրեասյանը հուսադրեց, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` փետրվար-մարտ ամիսներին սպասվում են տեղումներ, ինչի արդյունքում և՛ ջրամբարներում ջուր կկուտակվի, և՛ գետերում բավարար քանակի ջուր կլինի:
Ա. Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է իրականացնել Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք միջոցառումներ: