.jpg)
«Զվարթնոցում» անվտանգության ռեժիմը խստացվել է
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ տեղի ունեցած պայթյունի պատճառներից մեկը կարող էր անվտանգության աշխատակիցների զգոնության պակասը լինել: Aysor-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անվտանգության բաժնի ղեկավար Արտյոմ Ստեփանյանը: Նա նշեց, որ պայթյունը տեղի է ունեցել ժամանման սրահում, որտեղ ստուգում է իրականացվում, իսկ մուտքը սահմանափակ է:
«Իրենց մոտ ահաբեկչություններ նման օբյեկտներում շատ էին եղել: Պարզապես նրանք ավելի զգոն պետք է լինեին»,- տեսակետ հայտնեց փորձագետը:
«Զվարթնոցի» անվտանգության բաժնի ղեկավարը նաև հայտնեց, որ «Դոմոդեդովոյի» դեպքից հետո Երևանի օդանավակայանում անվտանգության ռեժիմն ավելի է խստացվել:
«Ռեժիմը խստացվել է` չնայած միշտ էլ խիստ է եղել: Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, որ յուրաքանչուր ուղևորի բեռն իր մոտ լինի»,- նշեց նա:
Ըստ մեր զրուցակցի` ուղևորը և նրա բեռը ստուգվում են ոչ միայն հատուկ ռենտգենային սարգավորումներով, այլև` ձեռքով:
«Կատարվում է տեխնիկական ստուգում` ռենտգենով, և խտությունից կախված, եթե անհրաժեշտություն կա, համապատասխան քայլեր են արվում: Մենք ունենք հատուկ վերահսկիչ գոտի, որտեղ ուղևորները ևս մանրամասն ստուգվում են` նույնիսկ ձեռքով, եթե կամրջակը ոչինչ ցույց չտա: Նման ստուգումը կատարվում է ընտրովի` յուրաքանչյուր 10 հոգուց 4-5 անձ է ստուգվում: Խիստ կարևորվում է մարդկանց միմիկան և հոգեկան վիճակը»,- հայտնեց նա:
Ա. Ստեփանյանը նշեց, որ ստուգում են անցնում նաև օդանավակայան մուտք գործող բոլոր ավտոմեքենաները:
«Օդանավակայանը ունի անվտանգության 3 գոտի` արտաքին, վերահսկիչ և հատուկ վերահսկիչ: Արտաքին գոտի մուտք գործող ավտոմեքենաները ստուգվում են ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչների կողմից, իսկ մյուս երկու գոտիները` օդանավակայանի անվտանգության համակարգի: Հատուկ ստուգում են անցնում նույնիսկ օդանավակայանի աշխատակիցների կամ սպասարկող անձնակազմի ավտոմեքենաները, որի համար հատուկ սարքեր են դրված»,- տեղեկացրեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անվտանգության բաժնի ղեկավարը: