.jpg)
Փորձաքննության փուլը սկսվեց Իջևանից
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցով հունվարի 22-ին սկսվեց ՈԱԱԿ-ի փորձնական երկրորդ ծրագրի բուհեր այցելությունների փուլը։ Ծրագրի նպատակն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների փորձաքննության մեխանիզմների ու ընթացակարգերի փորձարկումն է։ Դրանում ընդգրկված է պետական ու ոչ պետական 4 հաստատություն։
Այս մասին տեղեկացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընթացակարգերի համաձայն՝ մինչ այցելությունը ՈԱԱԿ փորձագետներն ուսումնասիրել էին ուսումնական հաստատության ներկայացրած ինքնավերլուծությունը, որն իրականացվել էր կենտրոնի կազմած ձևաչափով։ Ինքնավերլուծության ուսումնասիրության արդյունքում առաջացած հարցերը պարզաբանելու նպատակով` նախանշված ընթացակարգի համաձայն, փորձագետներն ու ՈԱԱԿ ներկայացուցիչները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, որակի հանձնաժողովին, դասախոսներին և ուսանողներին։
Բուհի ղեկավարության ու որակի պատասխանատուների խոսքերով` իրենց համար նոր ու աննախադեպ այս գործընթացն աշխատատար է, սակայն նաև շատ օգտակար։ Ինքնավերլուծության ձևաչափում առկա նոր մեթոդների շնորհիվ բուհն առաջին անգամ ի մի է բերում իր աշխատանքները, պարզում է գործունեության այնպիսի ուղղություններ, որոնք կանոնակարգման ու փաստաթղթավորման անհրաժեշտություն ունեն։ Սակայն ոլորտում տերմինաբանության և լեզվի հստակեցման խնդիր կա։
Այցի ընթացքում փորձագետներն իրականացրել են փաստաթղթերի ուսումնասիրություն ու հատուկ ուշադրություն դարձրել փաստաթղթերում ամրագրված ընթացակարգերի կիրառման վրա:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` փորձաքննության արդյունքները կներկայացվեն փորձագիտական հատուկ զեկույցներում, որի հիման վրա էլ կկազմվի ամփոփիչ զեկույց։
Հիշեցնենք, որ փորձնական ծրագրի շրջանակներում իրականացված փորձաքննության արդյունքները բուհերի համար իրավական որևէ հետևանք չեն կարող ունենալ։