.jpg)
Տոնական միջոցառումներ ` Հայոց բանակի օրվա առթիվ
Հայոց բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ հունվարի 17-ից սկսած հանրապետությունում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Վանիկ Մինասյանը:
20 տարին, ինչպես նշեց գնդապետը, բանակի կազմավորման համար շատ կարճ ժամանակաշրջան է, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատմության ընթացքում գրեթե հայտնի չեն դեպքեր, որ ազգային բանակը կազմավորվի պատերազմին զուգընթաց:
Բանախոսը նշեց, որ բանակի կազմավորման տոնի առթիվ հունվարի 17-ից սկսած տոնական միջոցառումների տասնօրյակ է անցկացվում:
«Ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, տարբեր երգի-պարի համույթներն այցելում են զորամասեր, նոր լիցք հաղորդում Հայոց բանակում ծառայող զինվորներին»,- ասաց գնդապետը:
Նշենք, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ` հունվարի 27-ի առավոտյան Հայոց բանակին նվիրված Սուրբ պատարագ կմատուցվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայոց բանակին նվիրված գոհաբանական մաղթանք կհնչի ԶՈՒ զորամասերին մերձակա եկեղեցիներում և զորամասերի մատուռներում, ԶՈւ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ կկայանա ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում: Նիստի ընթացքում կհանձնվեն պետական ու գերատեսչական պարգևներ: Իսկ հունվարի 28-ին` ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի անդամներն ու ազատամարտիկները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Երեկոյան նախատեսվում է Բանակի օրվան նվիրված տոնական համերգ` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում: