Ներկրողն ու ՊԵԿ-ը պնդում են` մաքսային արժեքի փոփոխություն չկա
26/01/2011 19:20

Ներկրողն ու ՊԵԿ-ը պնդում են` մաքսային արժեքի փոփոխություն չկա

Հայաստան ներկրվող ապրանքների մաքսային արժեքի փոփոխություն չկա: Նման հավաստիացում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արեցին ՊԵԿ-ի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը, ՊԵԿ-ի հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանը և «Չորս ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Մկրտչյանն, ով հանրապետության խոշոր ներկրողներից է:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Երևանի տոնավաճառների առևտրականները բողոքի ակցիաներ են կազմակերպում` ընդդեմ «մաքսային արժեքի բարձրացման»: Նրանց խոսքերով` 2011 թ. հունվարից ՊԵԿ-ը կրկնակի` 4 դրամ/կգ-ի փոխարեն 8 դրամ/կիլոգրամ, թանկացրել է ապրանքների մաքսազերծման գինը:

Կ. Մկրտչյանի պարզաբանմամբ` գների մասնակի փոփոխությունը պայմանավորված է «արտասահմանյան գործընկերների գործունեությամբ, տրանսպորտային ծախսերով, Վրաստանի ռիսկային ծախսերով, ինչպես նաև` Թուրքիայից արտահանման ծախսերի փոփոխությամբ»: Ներկրողը նշեց, որ 70 % ապրանքների գները նույնն են մնացել, իսկ հագուստի որոշ տեսակների համար ներմուծման գինը միջինում 30-40 % թանակացել է: Որոշակի թանկացում է եղել նաև ավտոմեքենաների պահեստամասերի գներում: Կ. Մկրտչյանի խոսքերով` իր ընկերությունը պատվերով է ներկրում ապրանքներ և փաստաթղթերով վաճառում է փոքր ձեռներեցներին:

Ըստ Գ. Սաղոյանի` բողոքի ակցիաների մասնակից որևէ անձ մաքսային տեսակետից հայտարարատու չէ, և իր գործունեությունն իրականացնում է միջնորդավորված ձևով` միջնորդ կազմակերպությունների միջոցով:

«2011 թ-ից մաքսային մարմինները մաքսային արժեքի որոշման նոր քաղաքականություն չեն իրականացնում, որևէ հարկման դաշտ չի փոխվել»,- ընդգծեց նա: Գ. Սաղոյանը յուրաքանչյուր առևտրականի առաջարկեց հայտարարագրել իր բեռը և համոզվել, որ նախորդ տարիների համեմատ գները չեն փոխվել: Ընդ որում, նրա համաձայն, «կգ/արժեք» հասկացողություն մաքսային մարմիններում չկա և հնարավոր չէ հագուստը կամ կոշիկը մաքսազերծել կիլոգրամով:

Միաժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցիչը հարցադրում արեց. «Իսկ ինչու՞ իրենք չեն ուզում մտնել օրենսդրական դաշտ և հանդես գալ անմիջապես որպես ներկրող-հայտարարատու և հաշվետվություն ներկայացնել հարկային մարմիններին»:

Այս հարցադրմանը, ՊԵԿ տեսակետից, պատասխանեց Խ. Երոյանը. «Հարկերից խուսափելու համար են միջնորդների ծառայություններից օգտվում»: Նրա խոսքերով` անմիջական արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները բողոքի ակցիաներին չեն մասնակցել:

Նախորդող հրապարակում` Տոնավաճառների առևտրականները բողոքում են, ՊԵԿ-ը` հերքում
 

Ներկրողն ու ՊԵԿ-ը պնդում են` մաքսային արժեքի փոփոխություն չկա