ՀԴՄ կտրոններով շահողների հերթերը հսկայական են
26/01/2011 20:02

ՀԴՄ կտրոններով շահողների հերթերը հսկայական են

ՀԴՄ կտրոնների հատուկ համարների վերջին խաղարկությունից` հունվարի 15-ից հետո «Հայփոստի» և «Արարատբանկի» բաժանմունքներում, որոնք սպասարկում են շահողներին, հսկայական հերթեր են կուտակվում: Շահումը ստանալու վերջնաժամկետը հունվարի 31-ն է:

«Հայփոստի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանն Aysor-ին հայտնեց, որ ֆինանսական միջոցների պակաս չկա, վճարումները նորմալ կատարվում են: Շատ մեծ հերթերի առաջացումը Գ. Աբրահամյանը պայմանավորեց նրանով, որ սպասարկվում են նախորդ տարվա վերջին 3 ամիսների կտրոնները: Ընդ որում, վիճակահանության կանոնների փոփոխության արդյունքում (2 թվից սկսած շահումներ կան) բավականին շատ են թե՛ կտրոնների քանակը, թե՛ շահողները: Նա տարակուսեց, որ մինչև ամսվա վերջ հնարավոր կլինի սպասարկել բոլոր շահողներին:

Սպասարկումն առավել կանոնակարգված ձևով իրականցնելու համար «Արարատբանկը» նախապես հերթագրում էր հաճախորդներին, սակայն հերթագրվածների թիվն այնքան շատ է եղել, որ հերթագրումը ստիպված են եղել դադարեցնել: Բանկի ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ այսօրվանից արդեն առանց գրանցման, արտահերթ սպասարկվում են բոլորին, քան որ օրերի թիվը սահմանափակ է:

Հավելենք, որ վաղը նախատեսվում է ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ և նա որոշ հստակեցում կմտցնի շահողներին սպասարկումների հարցում: Ըստ ամենայնի, շահողներին սպասարկման ժամկետը կերկարաձգվի:

Հիշեցնենք, որ ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության կարգի փոփոխությունների համաձայն, 2011 թ. հունվարի վիճակահանությունից սկսած` շահող են համարվում նաև ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին: Մեկ համընկնման համար պարգևավճարը կազմելու է 500 դրամ, իսկ հատուկ համարի առաջին և վերջին նիշերից սկսած միաժամանակ երկու համընկնումների համար` 1000 դրամ:

Վիճակահանության արդյունքում 8 և 7 նիշերի համընկնմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին, անկախ նրանց թվաքանակից, պարտադիր տրամադրվելու է մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար: Յուրաքանչյուր վիճակահանությանը տրամադրվելու է 10 ավտոմեքենա: 8 և 7 նիշերի համընկնմամբ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրվելու են համապատասխանաբար 6 և 5 թվերի համընկնմամբ շահած` գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։ 6, 5, 4 և 3 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան 50000, 20000, 5000 և 2000 դրամ պարգևավճար։ Դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցել են 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները և այդ կապակցությամբ հատկացվել է երեսուն ավտոմեքենա։
 

ՀԴՄ կտրոններով շահողների հերթերը հսկայական են