«Հնդկաստանի համար խաղաղությունը դարավոր իղձի իրականացում էր»
26/01/2011 20:26

«Հնդկաստանի համար խաղաղությունը դարավոր իղձի իրականացում էր»

Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ այս պահին Երևանի Անի Պլազա հյուրանոցում ընթանում է տոնական ընդունելություն, որը կազմակերպել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը: Միջոցառմանը ներկա են ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դիվանագետները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ. արվեստի և մշակույթի գործիչներ:

Տոնի կապակցությամբ իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը կարևորեց հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամության զարգացումն ու խորացումը` հույս հայտնելով, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի սպասվելիք այցը Հնդկաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան էլ նշեց, որ Հնդկաստանի Հանրապետության օրը շատ մեծ նշանակություն ունի հնդիկ ժողովրդի համար, քանի որ խաղաղությունը դարավոր իղձի իրականացումն էր: Նա նշեց, որ 1947 թ.-ին, երբ Հնդկաստանը անկախացավ, որոշ քաղաքական գործիչներ «ցինիկաբար հայտարարում էին, թե Հնդկաստանը չի կարող երկար գոյություն ունենալ, քանի որ նրա բնակչությունն անգրագետ է և տհաս»:

«Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Հնդկաստանը հայտնվեց աշխարհի քարտեզում, բարգավաճում և զարգանում է»,- ասաց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը:

Նշենք, որ Հնդկաստանն այսօր տոնում է Հանրապետության օրը: Որպես պետական տոն` այն առաջին անգամ նշվել է 1950 թվականի հունվարի 26-ին:
 

«Հնդկաստանի համար խաղաղությունը դարավոր իղձի իրականացում էր»