Գ.Մինասյան. Թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշիռ կստեղծվի
26/01/2011 13:32

Գ.Մինասյան. Թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշիռ կստեղծվի

ՀՀ նախագահի այցելությունները Հունաստան և Կիպրոս և այդ շրջանակներում արված հայտարարություններն ու պայմանավորվածությունները բխում են երկրի ղեկավարի արտաքին նախաձեռնողական քաղաքականությունից: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Ըստ բանախոսի` Կիպրոս և Հունաստան կատարած այցերը նշանակությամբ տեղավորվում են երեք հարթության վրա` երկկողմանի, ԵՄ-Հայաստան և տարածաշրջանային փոխհարաբերությունների դաշտերում:

Պատգամավորը կարևորեց այն, որ Կիպրոսը, լինելով ԵՄ անդամ, պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հարցում, այն դեպքում, որ սատարում է տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը:

Ըստ բանախոսի` կարևոր է նաև երեք պետությունների` Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի, դիրքորոշման հստակեցումը Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ:

«Ակնհայտ է, որ Թուրքիան որդեգրել էր շանտաժի քաղաքականություն, որին երեք պետությունների ղեկավարները սկզբունքորեն դեմ արտահայտվեցին» – ասաց նա:

Գ.Մինասյանը հույս հայտնեց, որ հայ-հույն-կիպրական համագործակցությունը մեծ առաջընթաց կապրի և կզարգանա միջազգային տարբեր ատյանների շրջանակներում` որպես հակադրություն թուրք-ադրբեջանական տանդեմի:
 

Գ.Մինասյան. Թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշիռ կստեղծվի