26/01/2011 13:14
Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Դավութօղլուի ելույթը
«Իսկապես տարօրինակ է, որ Թուրքիայի բարձրաստիճան չինովնիկն է խոսում օկուպացիայի մասին, այն դեպքում, երբ Կիպրոսի Հանրապետության տարածքի 40 տոկոսի օկուպացիայի հեղինակը հենց Թուրքիան է։ ԵԽԽՎ-ում այդ ելույթը բացահայտ աջակցություն էր Ադրբեջանի ռազմատենչ քարոզչական քաղաքականությանը և դատապարտելի պետք է լինի միջազգային բոլոր ատյանների կողմից»,- անդրադառնալով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը՝ Aysor.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքերով, խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների պատրաստակամության շինծու քողի տակ Դավութօղլուն առիթը բաց չթողեց հանիրավի անդրադառնալու և յուրովի մեկնաբանելու ղարաբաղյան խնդիրը. հարց, որի կարգավորումը որևէ կապ չունի, չի կարող ունենալ և չպետք է ունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների որակի և ընթացքի հետ։
Պատգամավորն ընդգծեց, որ ԵԽԽՎ-ն` որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետամուտ կառույց, Դավութօղլուից պետք է ակնկալեր վերջինիս դիրքորոշումը` կոնֆլիկտային սուբյեկտներում բնակվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և կենսական այլ ազատությունների և հնարավորությունների մասին։
«Իսկ Թուրքիան` իր իսկ ստորագրած արձանագրությունների ճակատագիրը թող չկապի որևէ այլ հանգամանքների հետ և թող մեղավորներին փնտրի միայն իր քաղաքական համակարգում»,- ասաց խորհրդարանականը: