.jpg)
ՀՀ ԶՈՒ 19-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Հունաստանում
Հունվարի 28-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ:
Երեկոն սկսվեց Հայաստանի և Հունաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, ապա Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները հնչեցրեցին ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգը:
ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգևատրվեցին հայ-հունական ռազմական համագործակցության ասպարեզում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաներ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Էմմանուիլ Քսիդերիսը, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պատվավոր պետ, գեներալ-մայոր Գեորգիոս Բասիակուլիսը, ՑԶ ռազմական ակադեմիայի պետ, Ռազմաօդային ուժերի գնդապետ Միխալիս Կոռոսը, ՀՀ-ում Հունաստանի նախկին ռազմական կցորդ:
Պարգևատրված հույն սպաները հանդես եկան շնորհակալական խոսքով` շեշտելով երկու ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը, հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը երկու կողմերի համար: