Փետրվարի 1-ից կգործեն բոլոր պետական մանկապարտեզները
31/01/2011 19:45

Փետրվարի 1-ից կգործեն բոլոր պետական մանկապարտեզները

Նախատեսվում էր, որ հունվարի 10-ից պետք է աշխատեին մայրաքաղաքի բոլոր պետական մանկապարտեզները, սակայն, ինչպես պարզեց Aysor-ի թղթակիցը, ոչ բոլոր մանկապարտեզներն են, որ գործում են այս օրերին:

2010-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզները ջեռուցման համակարգերով ապահովելը քաղաքապետարանի ծրագրային գերակայություններից էր: Ինչպես Aysor-ին ասաց քաղաքապետարանի կրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Սիլվա Աչոյանը, ծրագրի արդյունքում 88 նախակրթական հաստատություններում արդեն ավարտվել են գազիֆիկացման և ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները:

«Հունվարի 10-ից բոլոր մանկապարտեզներում փորձարկվել ու բնականոն աշխատում են ջեռուցման համակարգերը, իսկ մայրաքաղաքի թվով 11 մանկապարտեզների ջեռուցման խնդիրը, որը չլուծվեց անցյալ տարի, կլուծվի 2011-ին»,- ասաց Ս. Աչոյանը և հավելեց, որ այդ մանկապարտեզների շենքային պայմանները պահանջում են լոկալ կաթսայատների առկայություն: Սակայն, ինչպես նշեց նա, այդ մանկապարտեզների համար ժամանակավոր հատկացվել են յուղային և էլեկտարական սալիկներով ջեռուցիչներ:

Պետական որոշ մանկապարտեզներից Aysor-ի թղթակցին պատասխանեցին, որ հունվար ամսին չեն աշխատել, սակայն փետրվարի 1-ից կգործեն: Մանկապարտեզների տնօրեններից մեկը նշեց, որ իրենք իրենց սաների ծնողների հետ փոխհամաձայնության են եկել և աշխատելու են փետրվարից: Իսկ ջեռուցվող մանկապարտեզների տնօրեններից մի քանիսն էլ տեղեկացրցին, որ այս տարի հունվարի 10-ից առաջին անգամ մանկապարտեզները «մարդավայել ջեռուցմամբ» են աշխատում:

2010 թ-ից ջեռուցման համակարգեր չունեցող մանկապարտեզներին անդրադառնալով` նախադպրոցական բաժնի պետը նշեց, որ, օրինակ, Աջափնյակի թիվ 50 ու Էրեբունու թիվ 63 և 73 մանկապարտեզների սաների ծնողների և տնօրենների փոխհամաձայնության, հավաքված ստորագրություն-խնդրանքների համաձայն` իրենք կաշխատեն փետրվարի 1-ից` օգտագործելով էլեկտրական ջեռուցիչներ:

Ի դեպ, ի տարբերություն պետականների, մասնավոր բոլոր մանկապարտեզներն աշխատում են հունվարի 10-ից: Ավելին` նրանց տնօրենները զարմանում էին Aysor-ի թղթակցի հարցից` արդյո՞ք գործում է մանկապարտեզը կամ ջեռուցվու՞մ է այն:
 

Փետրվարի 1-ից կգործեն բոլոր պետական մանկապարտեզները