.jpg)
Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունը խստացվել է
Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը մշտապես եղել է անվտանգության խիստ վերահսկողության տակ, իսկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անվտանգության ապահովման ռեժիմն ավելի է խստացվել: Aysor-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Մետրոպոլիտենի ոստիկանության պետ Աշոտ Ղամբարյանը:
«Մետրոպոլիտենը համարվում է Հանրապետությունում կարևորությամբ երկրորդ օբյեկտը, իսկ այդ դեպքից հետո մենք ավելի մեծ հսկողություն ենք սահմանել, լրացուցիչ ուժերով ենք արդեն աշխատում` դեռ մինչև հատուկ հրահանգը: Անվտանգության ապահովման ուղղությամբ տարբեր միջոցներ են իրականացվում, և մենք առաջընթացի տարբերակներ ունենք»,- ասաց ոստիկանապետը:
Ըստ մեր զրուցակցի` սահմանված է մետրոպոլիտենի հատուկ հսկողություն, որն իրականացվում է նաև տեսախցիկներով: Ա. Ղամբարյանը բացառեց, որ մետրոյի որևէ կայարանում բացակայեն ոստիկանության աշխատակիցները:
«Ամենաքիչը 2-3 աշխատակից նույնիսկ երեկոյան ժամերին հսկողություն են իրականացնում, մեկը` մուտքի մոտ, մյուսները` կառամատույցի»,- վստահեցրեց նա` շեշտելով, որ ոստիկաններին շուրջօրյա օգնում են նաև տեղադրված տեսախցիկները:
Աշոտ Ղամբարյանը տեղեկացրեց նաև, որ անվտանգության կատարելագործման նպատակով Մետրոպոլիտենը դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով նոր սարքավորումներ և լրացուցիչ միջոցներ: