.jpg)
Մ. Մինասյան. «Մենք միայն ճգնաժամի անկումն ենք հաղթահարել»
Այսօր ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը բանավիճեցին մաքսային արժեքի թանկացման և չթանկացման շուրջ:
Հիշեցնենք, որ տոնավաճառների առևտրականները բողոքում են «մաքսազերծման կրկնակի թանկացման դեմ (4 դոլար/կգ-ի փոխարեն այս տարվանից 8 դոլար/կգ)», իսկ ՊԵԿ-ը և բեռնափոխադրող ընկերությունները պնդում են, որ թանկացել են բեռների փոխադրման ծախսերը:
Վ. Սաֆարյանը հայտարարեց, թե նախ հարկավոր էր հարկային արտոնություններ սահմանել` արտասահմանում հայ գործարարները սպասում են, որ այստեղ արտադրություն հիմնեն:
«Ես կողմ եմ, որ տեղական արտադրությունն ավելանա: Այժմ 3.7 անգամից ավելի քիչ արտահանում ենք, քան` ներմուծում», - ասաց Վ. Սաֆարյանը` նշելով, որ կառավարությունը մշակում է արտահանման խթանման հայեցակարգ:
Մկրտիչ Մինասյանի խոսքով` ներմուծողների համար ստեղծված մաքսային խոչընդոտները կնպաստեն տեղական արտադրության զարգացմանը: Նա նաև նշեց, որ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը և խթանել այդ ոլորտի զարգացումը: Ըստ նրա, գնաճը հիմնականում կարգավորում են բանկերը, որոնք սակայն չեն կարող գնաճը կանխել առանց պետական միջամտության:
«Ինչքան էլ ասենք, որ ճգնաժամը հաղթահարված է, բայց մենք միայն ճգնաժամի անկումն ենք հաղթահարել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի այն, որ տնտեսության զարգացման միտումները գերազանցեն գնաճը»,- ասաց Մ. Մինասյանը: