«Կինը պետք է տղամարդու կողքին կանգնի հավասար դաշտում»
31/01/2011 18:26

«Կինը պետք է տղամարդու կողքին կանգնի հավասար դաշտում»

«Հայ կինը, միայն տանը մնալով, հավաքարարաման աշխատանքներով, ճաշ պատրաստելով կամ երեխա մեծացնելով չէ, որ պետք է զբաղվի: Հայ տղամարդն այլևս պետք է հասկանա, որ հայ կինն էլ ունի հնարավորություն, կարողություն, ներուժ: Եվ կինը պետք է տղամարդու կողքին կանգնի հավասար դաշտում, հավասար պայմաններում»,- այս մասին այսօր Նա-Նե մրցանակաբաշխության առիթով կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց VivaCell-MTS-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հավատալով կանաց և տղամարդկանց հավասարության սկզբունքին` Յիրիկյանը տեղեկացրեց, որ VivaCellMTS-ի աշխատակիցների կեսը կանայք են: Վերջինս կոչ արեց կանանց` ապացուցել իրենց հնարավորությունները և այդ կարողությանը հավատալով` միասին կերտել ապագան:

Ասուլիսի մասնակից, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսայի Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը բարձր գնահատեց ՀՀ-ում կանանց դերի բարձրացումը և նշեց, որ տարբեր ոլորտներում նրանք ակտիվ դերակատարում ունեն, սակայն որոշ կառույցներում անհարժեշտ է նրանց ավելի մեծ ներգրավվածությունը:

Դեսպանը կարծիք հայտնեց, որ այդ ճանապարհին պետք է արմատավորված շատ սովորություններ փոխել:

Ասուլիսի մյուս մասնակից ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Դաֆինա Գերչաևան, բարձր գնահատելով մրցանակակիրների և մասնակիցների աշխատանքների մակարդակն ու որակը, նշեց, որ Նա-Նե մրցանակաբաշխությունը լավ ճանապարհ է բոլորի համար`ճանաչելու և ընդունելու ԶԼՄ-ների կարևորագույն դերը` հասարակական կարծիքի ձևավորման հարցում:
 

«Կինը պետք է տղամարդու կողքին կանգնի հավասար դաշտում»