Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն
31/01/2011 12:04

Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն

«Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, ևս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Արմենպրես» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքները:

Նախարարը նշել է, որ Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի՝ ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող «ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է և առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից»:

«Հուսով ենք, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման և կայացման գործում», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:
 

Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն