.jpg)
Հարցում. Առաջատար են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն
Խորհրդարանական ընտրություններից 2-3 ամիս առաջ միայն հնարավոր է հասարակական կարծիքի մոբիլիզացում: Այս մասին ասուլիսում ասաց Սոցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը` ներկայացնելով սոցհարցումների արդյունքում ստացված կուսակցությունների վարկանիշն ընտրություններից առաջ:
Գ. Պողոսյանը նշեց, որ այսօր աչքի է ընկնում 3-4 կուսակցություն: Բարձր ցուցանիշով առաջատար են Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ապա մեծ տարբերությամբ և ցածր ցուցանիշով` Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և, վերջին շրջանում, նաև «Ժողովրդական» կուսակցությունը: Սոցիոլոգի խոսքերով` երկու առաջնորդ կուսակցություն կա և երեք «երկրորդ կարգի» կուսակցություն, իսկ մնացյալները դեռ չեն երևում:
Սակայն, ինչպես ասաց մասնագետը, ընտրություններից առաջ կարելի է սպասել մեծ փոփոխություններ, որը կապված է երկրի` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին իրավիճակի հետ:
«Ընտրողի համար միևնույն է ընտրվում է Հանրապետականը, Դաշնակցությունը թե մեկ այլ կուսակցություն: Կարևոր է, որ ընտրողն ապրի նորմալ երկրում, որտեղ չեն ոտնահարվի մարդու իրավունքները, կոռուպցիա չի լինի և այլն»,- ասաց բանախոսը:
Ընտրությունների արդյունքները, ըստ Գ. Պողոսյանի, կախված են նաև, թե կուսակցություններն ինչպիսի դաշինքներ կկազմեն, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններն ինչպիսի զարգացում կունենան:
Նշենք, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին անցկացված սոցիոլոգիական հարցման պատվիրատուն եվրոպական կազմակերպություն է, որի անվանումը բանախոսը չնշեց: Հարցմանը մասնակցել է 1000 հոգի: