.jpg)
Է.Շարմազանով. Քաղաքապետը շատ հայրենասեր անձնավորություն է
«Ես չեմ տեսել մի իշխանություն, որը փորձել է լուծել ժողովրդի առաջ ծառացած բոլոր խնդիրները, բայց իշխանության գործը պետք է լինի լավագույն միջոցով խնդրի լուծում իրականացնել: ՀՀ-ում 3 միլիոն մարդ կա, ու ամեն մեկին կարող է ձեռք չտալ որևէ բան, իսկ պետությունը «ձեռք տալու» համար չէ, այլ որ քաղաքականություն իրականացնի»,- այսօր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով օրեր շարունակ կառավարության շենքի դիմաց ցույց անող վաճառականների բողոքին, ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա իր խոսքում հիշեցրեց 2006 թ-ի քաղաքապետարանի որոշումը`փողոցային առևտրի մասով, ու փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդակցությունը` շուկաների տնօրենների հետ:
«Տնօրեններին, լրատվամիջոցներին ու հասարակությանը հստակ ասվեց, որ խնդիրը պետք է լուծվի»,- պարզաբանեց Է.Շարմազանովը:
Նա ողջունեց նաև նորընտիր քաղաքապետի որոշումը, որով քաղաքապետարանի աշխատակիցները ռուսերեն դասընթացներ պետք է անցնեն:
«Ես գտնում եմ, որ բոլորը` այդ թվում քաղաքապետարանի աշխատողներն ու քաղաքական գործիչները, պետք է լեզուներ իմանան: Ես Կարապետյանին լավ եմ ճանաչում, նա շատ հայրենասեր անձնավորություն է, իսկ ռուսերեն դասընթացների կազմակերպումը կապել գրագրության հետ ու ասել, որ պետք է մոռանալ մայրենին` նման բան չկա»,- նշեց նա:
Ըստ ՀՀԿ խոսնակի` Հանրապետականը ազգային պահպանողական կուսակցություն է, և նրա հիմքում առաջին հերթին ազգային արժեքի նկատմամբ ոտնձգություն թույլ չտալն է: