.jpg)
Վրաստանում և ՀՀ-ում գնաճի դեմ կպայքարեն սոցիալական փաթեթներով
«Վրաստանում և Հայաստանում գնաճն այս տարվա մարտահրավերներից մեկն է: Աշխարհը չի առաջարկել արդյունավետ գործիքներ, որոնք թույլ կտան մեղմել բարձր գնաճային ճնշումները, որ գալիս են մեր երկրի վրա: Սա հայկական և վրացական ֆենոմեն չէ, այլ պայմանավորված է համաշխարհային շուկաներում ստեղծված վիճակով»,- այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը կիրառում է գնաճի դեմ պայքարի ավանդական գործիքները, նաև սոցիալական փաթեթներ է կիրառում, մասնավորապես` 2010 թ. գազի սակագների բարձրացումից հետո բարձրացվել են սոցիալական նպաստները, որ ստանում են 105 հզ. ընտանիքներ, իսկ նոյեմբերից բարձրացվել են կենսաթոշակները:
«Այս երկու փոփոխությունների նպատակն էր պաշտպանել սոցիալական անապահով խավին»,- նշեց Տ. Սարգսյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ 2011 թ-ին սոցիալական սուբսիդիաներ են տրամադրվելու գյուղացիական տնտեսություններին` գարնանացանն իրականացնելու համար. «Նպատակն է էժանացնել սերմացուի գինը»:
Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտնեց, որ նման ծրագրեր կան նաև Վրաստանում, իսկ հունվար-փետրվար ամիսներին բնակչությանը տրամադրվելու են էլեկտրաէներգիայի և ապրանքների վաուչերներ:
Անդրադառնալով սահմանի ընդհանուր կառավարման խնդրին, Ն. Գիլաուրին նշեց, որ հարցի շուրջ քաղաքական համաձայնությունը կա: Նրա խոսքերով` անցած տարի հունիսի 1-ից Վրաստանը նման փորձ ունի Թուրքիայի հետ, ինչը կնպաստի ՀՀ հետ աշխատանքների դյուրինացմանը:
Տ. Սարգսյանի համաձայն` 2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործում է երրորդ անձանց ռիսկերի պարտադիր ապահովագրությունը և հայ-վրացական սահմանը հատելիս վրացի վարորդները պետք է ձեռքբերեն ապահովագրություն: Ըստ ՀՀ վարչապետի` հունվարի 1-ից նոր կարգ է գործում նաև Վրաստանում. տվյալ պահին բեռ ունեցող բեռնատարները պետք է վճարումներ կատարեն ճանապարհների պահպանման համար. «Գործառություններն այնպես են կազմված, որ տնտեսվարողների և քաղաքացիների համար անհարմարությունները հասցնենք նվազագույնի: Պայմանավորվել ենք, որ ֆինանսական ծախսատարության պարիտետը երկկողմանի պահպանվի»: