.jpg)
«Հայկական պանիր» ընկերությունը կարտահանի պանրի առաջին խմբաքանակը
«Հայկական պանիր» ընկերությունն առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստան կարտահանի 5 տ «Լոռի» տեսակի պանիր: Ինչպես Aysor-ին հայտնեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, դեռ 2010 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին կար 120-140 տ պանրի արատահանման պայմանագիր, սակայն այդ արտահանումը հետաձգվեց, քանի որ պանրի գները բարձրացան, և ներքին շուկայում լրացուցիչ լարվածություն կստեղծվեր:
«Պայմանագրերը մինչ օրս կան, հետաքրքրությունը կա: Գները ոչ միայն Հայաստանում էին բարձրացել, այլև` Ռուաստանում, և այդ բարձր գների պայմաններում մեր պանիրը պահանջարկ ունի ու մրցունակ է»,- նշեց Ռ. Հարությունյանը` հավելելով, որ որոշել են այժմ փոքր խմբաքանակ ուղարկել, որպեսզի պարզեն տեղափոխման բարդությունները. «Մենք երեկ գործընկերներից ստացել ենք ապրանքի կանխավճարը և առաջիկա 1 շաբաթվա մեջ կկազմակերպենք դրա առաքումը»:
Ռ. Հարությունյանը հայտնեց, որ անցած տարի ուսումնասիրվել է միայն Ռուսաստանի շուկան, իսկ այս տարի նախատեսվում է մուտք գործել նաև ԱՄՆ շուկա: Աշատանքներ են տարվում նաև Իրանի հետ` հայկական պանրի մուտքի արտոնագրի տրամադրման ուղղությամբ: Ըստ Ռ. Հարությունյանի, դա երկար գործընթաց է և կտևի առնվազն 6 ամիս, մինչդեռ, օրինակ, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում 3-4 ամիս է պահանջվել մուտքի արտոնագրեր ձեռբերոլու համար: ԶՀԳ-ն փորձում է հայկական պանիրը ներկայացնել նաև Ղազախստանում. «Առաջին տարվա համար միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բավական են, որ «Հայկական պանիր» ընկերությունն աշխատի: Հետագայում այն կընդլայնվի»:
Ռ. Հարությունյանը հայտնեց, որ ի սկզբանե նախատեսվում էր արտահանել յուրահատուկ պանրատեսակներ` ապխտած, թել, կապոց պանիր, որոնք ունեն բարձր ավելացված արժեք, որպեսզի տրանսպորտային ծախսերը լուրջ տեսակարար կշիռ չկազմեն ընդհանուր ծախսերի մեջ, սակայն պարզվել է, որ «Լոռին» և «Չանախը» լուրջ պահանջարկ ունեն:
Նա հավաստեց, որ որակի վերահսկողություն է կատարվում և բոլոր գլուխները ստուգվում են. «Որակի խնդիր չենք ունենա»:
«Այս տարի բավականին մեծ քանակությամբ պանիր է արտադրվելու: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հնարավոր է նույնիսկ 20-30 % ավելցուկ լինի և մարդիկ չկարողանան վաճառել, ինչը կբերի գների անկման»,- նկատեց Ռ. Հարությունյանը` որպես օրինակ բերելով ոչխարաբուծության ոլորտում առկա փորձը, երբ արտահանման արդյունքում գները բարձացան, բայց այդ ընթացքում ձևավորվեցին առաջարկի աճի բոլոր նախադրյալները. «2009 թ-ին 100 հզ. գլուխ ոչխար էր արտահանվել, և գինը 3 անգամ բարձրացել էր, իսկ 2010-ին` 138 հզ. գլուխ, բայց գնի լուրջ տատանում չեղավ, քանի որ մարդիկ սկսեցին զբաղվել բիզնեսով` ներկրեցին, աճեցրեցին, բազմացրեցին և այլն: Նույնը կլինի և պանրի դեպքում»:
Հիշեցնենք, որ «Հայկական պանիր» ընկերությունը ձևավորվել է 2010 թ. հունվար-փետրվար ամիսներին: Այս ընթացքում մի շարք աշխատանքներ են իրականացվել` վեբ-կայքի ստեղծում (armeniancհeese.am կամ armeniancհeese.com), գրանցում և այլն: Ընկերության կանոնադրական կապիտալը 100 հզ. դրամ է, սակայն անցած տարի նախապատրաստական աշխատանքների, մուտքի արտոնագրերի համար ԶՀԳ-ն և Պանրագործների ասոցիացիան ծախսել են 6 մլն դրամ: