Արտգործնախարարն ընդունեց Իրանի նախագահի հատուկ բանագնացին
16/02/2011 19:56

Արտգործնախարարն ընդունեց Իրանի նախագահի հատուկ բանագնացին

Փետրվարի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-իրանական հարաբերություններին բնորոշ բարձր մարկարդակի և դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի հատուկ բանագնացը մտքեր փոխանակեցին առաջիկայում երկկողմ շփումների օրակարգի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, նշելով, որ այն կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում: Քննարկվեց նաև երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների մշտական մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող նախագծերին և հեռանկարային ծրագրերին՝ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:
 

Արտգործնախարարն ընդունեց Իրանի նախագահի հատուկ բանագնացին