Բողոքի ակցիաներ Նոյեմբերյանում և Բագրատաշենում
16/02/2011 17:13

Բողոքի ակցիաներ Նոյեմբերյանում և Բագրատաշենում

Այսօր առավոտյան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը Տավուշի մարզի մի շարք գյուղերից հավաքված վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների հետ միասին շարժվեցին դեպի Նոյեմբերյան: Այստեղ նրանց միացան տեղացի վարորդները և անցկացվեց կարճատև հանրահավաք, որի ընթացքում ներկայացվեց Շիրակի և Լոռու մարզի վարորդների պահանջագիրը, որին միացան նաև տավուշցի վարորդները:

Կուսակցության լրատվական ծառայության հաղորդմամբ` բողոքի ակցիայի մասնակից շուրջ 50 մեքենաների շարասյունը ուղևորվեց դեպի Բագրատաշեն: Նրանց միացան նաև Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի վրայի մի քանի գյուղերի վարորդներ և ի վերջո շուրջ 80 մեքենա հասավ Բագրատաշեն:

Բագրատաշենում տեղի ունեցավ ևս մեկ հանրահավաք, որից հետո պատգամավորները վարորդների անունից հանդիպեցին Բագրատաշենի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև Գուգարքի մաքային վարչության պետ Հովհաննես Աբովյանի հետ, ում փոխանցեցին վարորդների` 4 կետերից բաղկացած պահանջագիրը: Հ. Աբովյանը տեղեկացրեց, որ օրերս փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ավտոմեքենաների ներմուծման մաքսադրույքի հնարավոր նվազեցման խնդիրը, ինչպես նաև նոր օրենքի կիրառումից տուժած վարորդներին անտոկոս վարկեր տրամադրելու առաջարկներ: Այս հարցերը գործադիրի օրակարգում են և Կառավարության վաղվա նիստում քննարկվելու են:

Պատգամավորները տեղեկացրեցին հանրահավաքի մասնակիցներին, որ վաղը, փետրվարի 17-ին Կառավարության շենքի առջև տեղի կունենա Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վրացական համարանիշերով (չմաքսազերծված) ավտոմեքենաների վարորդների բողոքի ակցիա, որին սատարում է «Ժառանգություն» կուսակցությունը, և կոչ արեցին բոլոր վարորդներին ակտիվորեն մասնակցել այդ միջոցառմանը:
 

Բողոքի ակցիաներ Նոյեմբերյանում և Բագրատաշենում