Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դաֆինա Գերչևային
16/02/2011 17:09

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դաֆինա Գերչևային

Փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային:

Կարևորելով համագործակցությունը ՄԱԿ-ի և նրա երևանյան գրասենյակի հետ` Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ համագործակցության հետագա զարգացմանը:

Ինչպես հաղորդում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ի աջակցությունը, որն ընդգրկել է հասարակության բոլոր շերտերն ու ոլորտները: Նա կարևորեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությունը ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարության և դրա` 2009-2012 թթ. գործողությունների ծրագրի մշակման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության համար` Դաֆինա Գերչևան նշեց, որ իրենց աշխատանքի հաջողությունը պայմանավորված է իրենց նկատմամբ վստահությամբ, ինչն ազդանշան է նոր նախաձեռնություններով հանդես գալու համար: Հայաստանի հետ համագործակցությունը գերազանց և բացառիկ գնահատելով` նա կարևոր համարեց համատեղ աշխատանքը խորհրդարանի հետ, որովհետև նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան իրավական դաշտ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց համագործակցել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ, նշելով, որ դրա համար մեծ ռեսուրս կա: Կարևորվեց համագործակցությունը օրենքների նախագծերի շուրջ, ինչպես նաև ՄԱԿ-ի փորձագետների մասնակցությունը դրանց մշակմանը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են իր նախաձեռնած Երիտասարդական խորհրդարանի ստեղծման աշխատանքները: Գաղափարը գերազանց գնահատելով` ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան պատրաստակամություն հայտնեց աջակցել դրա իրագործմանը:

ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների հետ համագործակցությունն այսուհետ ևս կխորանա ` հիմնվելով ձևավորված լավ ավանդույթների ու փորձի վրա:

Դաֆինա Գերչևան շնորհակալություն հայտնեց անկեղծ և հետաքրքիր զրույցի համար` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական և երկարատև:
 

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Դաֆինա Գերչևային