Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը
16/02/2011 18:46

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը

Այսօր առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մինչ ընդլայնված կազմով հանդիպումը կառավարությունում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի վարչապետների առանձնազրույցը։

Այս տարվա հունվարի 22-ից 23-ը Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել քննարկված խնդիրներին լուծում տալու նպատակով հանդիպում անցկացնել նաև երկու երկրների վարչապետների մակարդակով։

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում է կառավարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի բաժինը, վարչապետ Սարգսյանը ողջույնի խոսքում նշել է. «Համոզված եմ, որ Ձեր այցը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը։ Երկու երկրների քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն ու խորանան ի շահ մեր եղբայրական ժողովուրդների։ Կառավարությունների պարտքն է ստեղծել կոնկրետ տնտեսական մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալու սերտացնել տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունները»։

Շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար` Վրաստանի վարչապետն ասել է. «Ինձ համար միշտ հաճելի է ձեզ հետ հանդիպել և համատեղ համագործակցության նոր քայլեր առաջադրել։ Իրոք, Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և ես համոզված եմ, որ այդպես էլ շարունակվելու է ապագայում։ Մենք շատ հաճախ հանդիպում ենք տարբեր ձևաչափերով` աշխատանքային, պաշտոնական այցելությունների և միջկառավարական նիստերի ժամանակ։ Հուսով եմ, որ այսօրվա աշխատանքային այցելությունը նաև կնպաստի մեր երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը, և կսկսենք նորանոր քայլեր իրականացնել մեր ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Վրաստան և առաջարկում եմ, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացվի Վրաստանում»։

Կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, խոսվել է մաքսային ոլորտում արձանագրված համագործակցության համատեքստում առաջընթացի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ սկսել Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի կնքման շուրջ։

Նշվել է, որ պետք է լուծում տրվեն երկու երկրների տրանսպորտային ոլորտում առկա հարցերին, որոնք սահուն ու դյուրին կդարձնեն փոխադարձ բեռնափոխադրումները և ուղևորների տեղաշարժը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տնտեսական համագոծակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակին։
 

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը