.jpg)
«Նախագծերի կառավարումը սկսվում է գործիքների ճիշտ ընտրությունից»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծերի կառավարման դասընթաց է կազմակերպել 11 բուհի ուսանողների համար: Արժե՞ արդյոք որևէ նախագիծ սկսել, երբ դեռևս անհայտ է դրա իրականացման ձևաչափը կամ վերջնական արդյունքը: Նախնական ի՞նչ քայլեր են հարկավոր ծրագրի հաջողության երաշխիքների համար: Աշխատանքային առողջ միջավայր ստեղծելը բավարար չէ այս հարցերին պատասխանելու և ռեալ արդյուքն ակնկալելու համար: Կարևոր են նաև նպատակների սահմանումը, դրանց իրագործման համար ընտրված կառավարման գործիքներն ու հետագա ռազմավարությունը:
Ըստ վերոնշյալի` դասընթացը երկարաժամկետ ռազմավարությունից մինչև ամենօրյա աշխատանքային հարաբերություններ բացահայտելու հնարավորություն տվեց մասնակիցներին: «Մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հզոր կազմակերպության հաջողությունը սկսվում է կառավարման ճիշտ գործիքների ընտրությունից: Դա նորություն չէ, սակայն, յուրաքանչյուրն ունի իր ընկալումները: Հաջողում են նրանք, ովքեր շատ արագ բացահայտում են որոշ նրբություններ.
սահմանում են կոնկրետ նպատակը, գնահատում ժամանակը և պատրաստ են լինում համախմբված պատասխանատվության` նախագծի վերջնական արդյունավետության համար: Կառավարել` նշանակում է գնահատել աշխատակցին, առաջնորդվել հիմնարար արժեքներով և կոնկրետ օրինակով, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ճկուն փոփոխությունների: Վստահ եմ, որ այս հանդիպման ընթացքում կարող եք բացահայտել ՎիվաՍել-ՄՏՍ-ում ընդունված մոտեցումները»,- ուսանողներին իր խոսքն ուղղեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների վարած դասընթացի արդյուքնում դասընթացի մասնակիցները ստացան նոր գաղափարները նախագծերի վերածելու, դրանք իրականացնելու և վերջնական արդյունքը գնահատելու հմտություններ: