.jpg)
«Կին քաղաքական գործիչներից` կին քաղաքական գործիչներին»
Այսօր ԵՊՀ գրադարանի նախասրահում տեղի ունեցավ «Կին քաղաքական գործիչներից` կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսը, որը Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ դեռևս 2008 թ.-ին մեկնարկած Wo/Men in politics երկամյա ծրագրի ավարտն էր ազդարարում:
Բացման խոսքում Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ ծրագիրը մշակելիս` խնդիր կար, որ այն չդիտարկվի որպես զուտ գենդերային:
«Ծրագիրն ավելի շատ ուղղված էր այն կանանց, ովքեր ակտիվ են, առաջ գնալու ցանկություն ունեն: Այս գրքի միջոցով փոխանցում ենք այն փորձը, որը 2 տարիների ընթացքում ներկայացրել են մեր 20 մասնակիցները»,- ասաց Ա. Սարիբեկյանը:
Ծրագրի շրջանակներում 10 կուսակցություններից ընտրված 20 կանայք այցելել են Մեծ Բրիտանիա և ուսումնասիրել այնտեղի կին քաղաքական գործիչների կյանքը, գործունեությունն ու փորձը:
Գրասենյակի տնօրենն ասաց, որ նախատեսվում է, որ ծրագրի շրջանակներում իրականացվող Նա-Նե լրագրողական մրցանակաբաշխությունը կշարունակվի և կանցկացվի նաև մյուս տարիներին: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ԱԺ-ում ձևավորվել է «Կանանց հարցերով խորհրդակցական խումբ», որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել կանանց ակտիվությունը խորհրդարանում:
Հիշեցնենք, որ 2005 թ.-ի «Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացումը և առաջընթացը» ազգային զեկույցի համաձայն`Հայաստանը պարտավորվել է մինչև 2015 թ.-ը ավելացնել կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, մարզպետների ընդանուր թվում` դարձնելով այն 25 տոկոսից ավելի:
Նշենք, որ «Կին քաղաքական գործիչներից` կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսի ավարտին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսայի Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը երկամյա ծրագրի 20 մասնակիցներին վկայականներ շնորհեց, իսկ Արևիկ Սարիբեկյանը ձեռնարկի 50 օրինակ նվիրաբերեց ԵՊՀ գրադարանին` նշելով, որ գրքի օրինակներ կնվիրվեն նաև մյուս բուհերին: