.jpg)
«Կանայք ընտրարշավին մասնակցելու համար գումար չունեն»
«Այսօր նույնիսկ Մեծ Բրիտանիայում կանայք երբեմն ենթարկվում են դիսկրիմինացիայի»,- այս մասին այսօր «Կին քաղաքական գործիչներից` կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ ասաց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Նա հիշեց Մարգարետ Թետչերին, ում երկարամյա պաշտոնավարումը` որպես վարչապետ, մեծապես օգնել է, որ Բրիտանիայի հասարակական կյանքում փոխվի ընկալումը կանաց դերի վերաբերյալ:
«Անցյալ տարի տեղի ունեցած ընտրություններում ռեկորդային թիվ գրանցվեց` 139 կին պատգամավոր, սակայն Միացյալ Թագավորության պառլամենտում ունենալով ընդամնեը 9 տոկոս կանանց ներկայացվածություն` մենք դեռ շատ հեռու ենք ավելի հավասար դիրքեր ունեցող Շվեդիայից` 46 տոկոս, և Գուանդայից` 56 տոկոս»,- ասաց դեսպանը:
Չարլզ Լոնսդեյլը նշեց, որ առաջընթացը հնարավոր է, եթե լինի քաղաքական կամք:
Նա հիշատակեց «Ֆորսեդ» ընկերությունը, որը Մեծ Բրիտանիայում փորձում է ընտրարշավներ կազմակերպել կանանց համար: Ըստ ընկերության դիտարկումների` կանանց քաղաքական կարիերային «սպառնում է» 4 հիմնական պատճառ` քաղաքական անբարենպաստ միջավայր, երեխաների խնամք, ընտանիքում ունեցած պարտավորություններ, ֆինանսներ (կանայք ավելի քիչ են վաստակում և քիչ կարող են ծախսել ընտրարշավի ժամանակ):
«Ժամանակ է պետք, որ արմատացած ավանդույթները փոխվեն, բայց մենք կարող ենք մարտահրավեր նետել մշակութային չափանիշներին: Օգնենք կանանց ձեռք բերել այն հմտությունները, վստահությունը, որն անհրաժեշտ է»,- ընդգծեց դեսպանը:
Ելույթի վերջում դեսպանը հիշեցրեց Կանադական Օտտավա քաղաքի առաջին կին քաղաքապետի խոսքերը. «Ինչ էլ կանայք անեն, պետք է անեն տղամարդկանցից 2 անգամ լավ, որպեսզի մարդիկ մտածեն, որ դա նրանց հաջողվում է գոնե տղամարդկանց կեսի չափ: Բայց, բարեբախտաբար, դա այդքան էլ դժվար չէ»: