Բյուջեի ծախսերը` նվազել են 4.4 %-ով
23/02/2011 15:32

Բյուջեի ծախսերը` նվազել են 4.4 %-ով

2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 36.9 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 17.7 %-ը: Մասնավորապես` շուրջ 35.2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 1.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու տարում 362 մլն դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 14.2 %-ը, որոնք ներառվել են պետական բյուջեի ծախսերում` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերը նվազել են 4.4 % ով կամ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների և պետական հատվածի այլ մակարդակներին հատկացվող դրամաշնորհների գծով ծախսերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու տարում կազմել են 2.6 մլրդ դրամ` 18.4 %-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 1.4 %-ով կամ 476.8 մլն դրամով` հիմնականում պայմանավորված կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձի գծով ծախսերի, ինչպես նաև այլ ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերից 2.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 51.2 մլն դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 16.1 %-ը և 4.5 %-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 24.4 %-ով և 86.1 %-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 340.6 մլն դրամ, որը 27.6 %-ով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու տարում 1.8 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 21.9 %-ը: Մասնավորապես` նշված գումարից 1.4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 367.7 մլն դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2011 թվականի հունվարին պետական պարտքի սպասարկման ծախսերը 3.4 %-ով զիջել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի նվազման հաշվին:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ներքին աղբյուրների գծով հավելուրդը կազմել է շուրջ 16.9 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` 3.3 մլրդ դրամ:

 

Բյուջեի ծախսերը` նվազել են 4.4 %-ով