.jpg)
ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը ներկայացված կլինի համացանցում
Վաղը տեղի կունենա Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) կարիերայի կենտրոնի կայքի շնորհանդեսը: Վեբ կայքի ստեղծմանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը:
Ինչպես Aysor-ին հայտնեց CAPS-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շաքե Ավոյանը, նախաձեռնությունը կնպաստի դեղարտադրության ոլորտի գործատուների աշխատակազմի համալրմանը դեղագործության մասնագիտությամբ շրջանավարտներով, ինչպես նաև կապեր հաստատել դեղագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և տեղական դեղարտադրողների միջև: Այսուհետ, այս տեղեկատվական կենտրոնը կկարողանա ավելի արդյունավետ տրամադրել տեղեկատվություն առկա թափուր աշխատատեղերի և վերապատրաստման հնարավորությունների մասին, ստեղծել ընկերությունների/աշխատատեղերի տվյալների հենք և ամրապնդել համալսարանի շրջանավարտներին առնչվող իր գործառույթները:
Վեբ կայքի օգնությամբ կարիերայի կենտրոնը կհաստատի կապեր և կօգտագործի դրանք ապագա համագործակցության հնարավորությունների համար, հնարավորություն կընձեռի համալսարանին ավելի արագ արձագանքել ոլորտի պահանջներին, ինչպես նաև կիրականացնի պրակտիկայի ծրագրեր ուսանողներին գործնական գիտելիքներով ապահովելու համար և կընդլայնի համալսարանի ու մասնավոր հատվածի միջև համագործակցությունը: Նախատեսվում է, որ կարիերայի կենտրոնը և նոր կայքը կընդլայնեն իրենց ծառայությունները, որոնցից կկարողանան օգտվել ոչ միայն բժշկական համալսարանի, այլև մյուս բժշկական հաստատությունների ուսանողները:
«Այս նախաձեռնության նպատակն է` նպաստել աշխատուժի շուկայի բարելավմանը և օգնել դեղագործության ոլորտում մասնագիտացած շրջանավարտներին աշխատանք գտնել կլաստերի ընկերություններում: Բացի այդ, նախագծի նպատակն է նաև ընդլայնել իր ծառայությունները դեղագործական ուղղվածությամբ մասնագիտությունների համար: Այս նախաձեռնության շնորհիվ կենտրոնը նաև կկարողանա անդրադառնալ ուսանողների հետաքրքրությունների ավելի լայն շրջանակի և օգտակար լինել ավելի մեծ թվով մասնագետների Հայաստանում»,- նշում է CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը: