.jpg)
ՏՄՊՊՀ-ն շուտով կավարտի սուրճի շուկայի ուսումնասիրությունը
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շուտով կավարտի սուրճի շուկայում իրականացվող ուսումնասիրությունը: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Նելի Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն սուրճի շուկայում ուսումնասիրություն էր սկսել 2010 թ. դեկտեմբերից, երբ այս ապրանքատեսակի գների թռիչք էր արձանագրվել միջազգային շուկայում: Հայաստանում սուրճի վերջին թանկացումն արձանագրվել է 2 օր առաջ. 1 կիլոգրամը թանկացել է 200 դրամով` 1800 դրամից դառնալով 2000-2100 դրամ:
Ն. Դանիելյանի խոսքերով` ՏՄՊՊՀ-ն շուկայի ուսումնասիրության համար տեղեկատվություն էր պահանջել տնտեսվարող սուբյեկտներից և, սխալ տեղեկատվություն տրամադրելու համար վարույթ էր հարուցել. «Ուսումնասիրությունը շուտով կավարտվի և հանրությանը կտեղեկացնենք արդյունքների մասին»:
«Լուծվող սուրճ» ապրանքային շուկայում ՏՄՊՊՀ-ն «Մոկոնաթ», «ՆյուՖորս» և «Մարսերալ» ՍՊԸ-ներից յուրաքանչյուրին համարել է գերիշխող դիրք ունեցող (որպես իրացնող իրացման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի ավելի քան երկու երրորդը` 85.9 %-ը) և գրանցել գերիշխող դիրք ունեցող: «Նյուֆորս» ընկերությանը` Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար, տրվել է նախազգուշացում և խախտումները հետագայում բացառելու հանձնարարություն:
Հայաստան լուծվող սուրճ հիմնականում ներկրվում է Շվեյցարիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Ռուսաստանից: