Կայացել է տրանսպորտի և կապի նախարարին կից կոլեգիայի նիստ
23/02/2011 18:48

Կայացել է տրանսպորտի և կապի նախարարին կից կոլեգիայի նիստ

Փետրվարի 23-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին կից կոլեգիայի նիստի քննարկմանն առաջին անգամ մանրամասն ներկայացվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության 2011 թվականի ներդրումային ծախսային ծրագիրը, ինչպես նաև այս տարի իրականացվելիք ուղևորափոխադրումների նվազագույն ծավալներն ու ուղղությունները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարության տեղեկացմամբ` նախարար Մանուկ Վարդանյանը նշեց, որ այսուհետ ընկերության ծրագրերը երկուստեք մանրամասն կքննարկվեն, ինչը հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել ներդրումային ծրագրի նկատմամբ` միաժամանակ ապահովելով դրա թափանցիկությունը:

Նախարար Մ.Վարդանյանը հատկապես առանձնացրեց ուղևորափոխադրումների կազմակերպմանն ու սակագներին առնչվող հարցերը: ՀԵԿ-ի ղեկավարությանը հանձնարարվեց կանոնակարգել ուղևորափոխադրումների կազմակերպումը, որպեսզի չկրկնվեն նախորդ տարվա բացթողումները:

Կոլեգիայի նիստի ընթացքում հավանություն տրվեց ՀԿԵ-ի կողմից այս տարի իրականացվելիք ուղևորափոխադրումների նվազագույն ծավալներին և ուղղություններին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը մանրամասն ներկայացնելով հարցը նշեց, որ ուղևորափոխադրումների բնագավառում ՀԿԵ-ն պետք է մշակի տնտեսական ճկուն քաղաքականություն և վերանայի ուղերթների ուղղությունների ընտրության քաղաքականությունը, որը նպատակաուղղված կլինի պահանջարկի բավարարմանը և ուղևորափոխադրումներից ստացված վնասի կրճատմանը:

Հ.Բեգլարյանը ներկայացրեց նաև ՀԿԵ-ի 2010 թվականի կատարած աշխատանքը և 2011թ.-ի համար նախատեսված ծրագրերը: Նշվեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի էական փոխվել են ենթակառուցվածքներին հատկացվող ներդրումների ծավալները: Մասնավորապես, այս տարի ՀԿԵ-ի կողմից կատարվող ներդրումների ծավալը կկազմի 13,916 մլրդ դրամ, որի շուրջ 94 տոկոսն ուղղվելու է ենթակառուցվածքների, այդ թվում` երկաթուղային գծերի վերանորոգմանը և արդիականացմանը, շենքերի, շինությունների և գծանցների, վագոնների, երկաթուղային 8 կամուրջների վերանորոգմանը, կապի կառավարման համակարգի, որոշ կայարանների արդիականացմանը և այլն:

Նախարար Մ.Վարդանյանն առաջարկեց ՀԿԵ-ի այս տարվա ներդրումային ծախսային ծրագրում ընդգրկել երկաթուղային թունելների անվտանգության ապահովման հարցը` համապատասխան տեսախցիկների տեղադրմամբ:

Կոլեգիայի նիստում հավանության արժանացավ նաև ՀԿԵ-ի 2011 թվականի ներդրումային ծախսային ծրագիրը:
 

Կայացել է տրանսպորտի և կապի նախարարին կից կոլեգիայի նիստ