ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կընտրի բորսայի լավագույն մասնակիցներին
23/02/2011 18:30

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կընտրի բորսայի լավագույն մասնակիցներին

2011 թ. մարտի 1-ին կկայանա ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի «Բորսայի լավագույն անդամ 2010» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն լավագույն ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններն` ըստ 4 անվանակարգերի` կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի լավագույն անդամ, պետական պարտատոմսերի շուկայում բորսայի լավագույն անդամ, արտարժույթի շուկայում բորսայի լավագույն անդամ և վարկային ռեսուրսների շուկայում բորսայի լավագույն անդամ:

Ինչպես Aysor-ին հայտնեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եվգենյա Էվոյանը, այս մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան բորսայի լավագույններին ընտրելու է բորսայի 25 անդամներից, որոնցից 7-ը ներդրումային ընկերություններ են, մնացածը` բանկեր:

«Հաշվի ենք առնելու բորսայի մասնակցի առևտրի ծավալները, շուկայում մասնակցության ակտիվությունը, կորպորատիվ կուլտուրան, մասնակցությունը բորսայի կողմից կազմակերպվող միջոցառումներին և այլն: Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ընկերություններին, որպեսզի նրանց միջև մրցակցություն առաջանա, քանի որ շուկան հիմնականում նրանք են զարգացնողը: Բորսայի ծավալները դեռ այնքան էլ շատ չեն, և իրադրությունը բարելավելու լավագույն տարբերակը խրախուսելն է»,- նշեց Ե. Էվոյանը:

Նրա խոսքերով` մրցանակաբաշխության ընթացքում նաև կհայտարարվեն «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողները:
 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կընտրի բորսայի լավագույն մասնակիցներին