Ավարտվել է Շուշիի գրադարանի վերանորոգումը
23/02/2011 18:36

Ավարտվել է Շուշիի գրադարանի վերանորոգումը

2011թ.-ը Շուշիի գրադարանը մեկնարկեց բարենորոգ ու կահավորված: Շուրջ 83 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ:

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Շուշիի գրադարանն այսուհետ կգործի ոչ միայն որպես գրքի ու ընթերցանության կենտրոն, այլև կրթoջախ` տարբեր կրթական ու մշակութային միջոցառումների համար: Այն կսպասարկի Շուշիի, Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակիչներին` առավել հետաքրքրական ու բովանդակալից դարձնելով նրանց առօրյան:

Գրադարանը երկհարկանի և մեկ հարկանի մասնաշենքերից կազմված կառույց է` 624քառ.մ ընդհանուր մակերեսով: Կառույցը մասնակիորեն ուժեղացվել է, ամբողջությամբ վերահատակագծվել և վերակառուցվել: Փոխվել է տանիքը, սալիկապատվել են հատակները, աշխատասենյակները ծածկվել են մանրատախտակով: Նորացվել է շենքի էլեկտրական համակարգը, անցկացվել է ընդհանուր ջեռուցում: Մեկ հարկանի մասում գրադարանի վարչական մասն է` կազմված չորս աշխատանքային սենյակներից, նախասրահից եւ սանհանգույցից: Երկհարկանի հատվածում ընթերացասրահն է, գրապահոցն ու գրքերի պահեստը: Շենքն ունի նաև նկուղային հարկ, որը ևս օգտագործվում է գրադարանի կարիքների համար:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանի խոսքով, իրենք տարիներ շարունակ երազել են Շուշին տեսնել վերակառուցված ու հայեցի: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, դրա վկայությունն են Շուշիում վերանորոգված ճանապարհահատվածները, տասից ավելի բարձրահարկ շենքերի վերակառուցված տանիքները, բարեկարգման ընթացիկ աշխատանքները մշակույթի տանը, Աբովյանի անվան դպրոցում, ինչպես նաեւ խմելու ջրի ներքին ցանցի անցկացմանն ուղղված աշխատանքները:

Գրադարանի ֆոնդը` ավելի քան 16 500 կտոր գիրք, որ ժամանակավորապես պահ էր տրվել Մուրացանի անվան դպրոցում, օրերս կտեղափոխվի գրադարան: Եղած գրքերը կհամալրվեն նորերով: Տնօրինությունն այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն ձեռնարկել է. շուտով մոսկվաբնակ հայ ազգագրագրետ Կարեն Յուզբաշյանի 265 կտոր գրքից բաղկացած գիտական ազգագրական հավաքածուն ևս կհանգրվանի Շուշիի գրադարանում: Գրադարանն ունի 7 աշխատակից: Վերանորոգումից հետո հնարավոր է աշխատակազմի համալրում:
 

Ավարտվել է Շուշիի գրադարանի վերանորոգումը