.jpg)
«Նախագահների հանդիպումն ավելի ամրապնդեց հայ-ռուսական կապը»
Այսօր տեղի ունեցավ «Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով տեսակամուրջ, որին Երևանից մասնակցում էին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, իսկ Մոսկվայից` Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, «Ռուսաստանը և Կովկասը» ինտերնետ նախագծի մոդերատոր Անդրեյ Արեշևը և Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Վլադիմիր Կազիմիրովը նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են կայուն փուլում, իսկ փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացած երկու երկրների նախագահների հանդիպումը ևս մեկ անգամ դրական լիցքեր հաղորդեց հայ-ռուսական հարաբերություններին: Այդ համատեքստում, Կազիմիրովը կարևորեց այն, որ հայ սպառողների համար գազի սակագնի բարձրացում 2011-ին չի լինի:
Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն էլ կարծիք հայտնեց, որ երկու նախագահների հանդիպումն անհրաժեշտ էր: Ըստ նրա` լավ է, որ հանդիպման ընթացքում արծարծված թեմաները չեն հրապարակվում, քանի որ հետագայում դրանք դառնում է լայն քննարկման առարկա:
Վ. Զախարովն ընդգծեց, որ սանտպետերբուգյան հանդիպումը նախապատրաստական փուլ էր մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման համար:
Տեսակամուրջի մասնակից Ալեքսանդր Իսկանդարյանն էլ իր հերթին նշեց, որ գազի սակագնի պահպանման հարցն ունի ոչ միայն տնտեսական բնույթ, այլև` ներքաղաքական, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ, ինչի վրա էլ կարող էր անդրադառանալ գազի սակագնի բարձրացումը: